Գլխավոր Նորություններ 2017-Ի ԱՆՈՄԱԼ ՁՄԵՌԸ ԵՎ ՇՈԳ ԱՄԱՌԸ

2017-Ի ԱՆՈՄԱԼ ՁՄԵՌԸ ԵՎ ՇՈԳ ԱՄԱՌԸ

842
Տարածել
Deputy Head of 'Hydromet' Service Meteorological Center of the RA Ministry of Emergency Situations Gagik Surenyan gave a press conference at Armenpress press club

Տարվա եղանակի ամփոփում՝ առաջիկա ձմռան կանխատեսում

Չորեքշաբթի ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության oդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը «Ազդակ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց անցնող տարին և ներկայացրեց առաջիկա ձմռան  կանխատեսումները: Ըստ Գագիկ Սուրենյանի՝ ընթացիկ տարին առանձնացավ եղանակակլիմայական պայմանների անոմալիաներով: Առաջին անոմալ երևույթն արձանագրվեց տարեսկզբին, երբ հունվար-փետրվարին Արարատյան դաշտում տևական ժամանակ պահպանվում էր մառախուղը և ցածր ջերմային ֆոնը: «Արարատյան դաշտում 60 օր շարունակ սառը օդի լճացում եղավ: Ըստ վիճակագրական տվյալների՝ նման ձմեռներ Արարատյան դաշտում լինում են 50 տարին մեկ անգամ: Այս ձմռանը Արարատյան դաշտում առանձին օրերին կլինի մառախուղ, սակայն երկարատև սառը օդի լճացում և արևի բացակայություն չի կանխատեսվում»,- տեղեկացրեց նա: Հունվար-փետրվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը ցածր էր նորմայից 8-9 աստիճանով: 2017-ի գարունն անցել է նորմայի սահմաններում, իսկ ահա ամառը՝ հատկապես հուլիս-օգոստոս ամիսները, աչքի ընկան աննախադեպ շոգ եղանակով: Արարատյան դաշտում oդի առավելագույն ջերմաստիճանը 42,6 0C է եղել, Երևանում՝ 41,8 0C: «100 տարվա կտրվածքով այս ամառը բացառիկներից էր. գրեթե 13-15 օր Երևանում և Արարատյան դաշտում ջերմաստիճանը բարձր էր 40 աստիճանից: Տեղումների քանակը հուլիսին և օգոստոսին խիստ պակաս էր նորմայից, ինչի հետևանքով հանրապետության տարբեր տարածքներում ունեցանք անտառային հրդեհներ, որոնք իրենց ուժգնությամբ, ինտենսիվությամբ, տարածական ընդգրկվածությամբ աննախադեպ էին հանրապետության համար: 2017-ը բացառիկ էր նաև նրանով, որ ցրտահարություն չունեցանք, ինչի շնորհիվ ունեցանք առատ բերք: Այս տարվա աշնանը գրանցված տեղումների քանակն ու օդի ջերմաստիճանը նորմայի սահմաններում էր»,- տեղեկացրեց «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Իսկ ինչ վերաբերում է այս ձմռանը, ապա դեկտեմբերին, հունվարին և փետրվարին  միջին ամսական ջերմաստիճանը և տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում, թեև ժամանակ առ ժամանակ Հայաստանը կհայտնվի ինչպես տաք օդային հոսանքների, այնպես էլ արկտիկական ցուրտ օդային հոսանքների ազդեցության  գոտում:

Արարատում, Արմավիրում, Արագածոտնի նախալեռնային գոտիներում, Կոտայքի նախալեռնային գոտիներում և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում տաք օդի ներթափանցման դեպքում՝ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կարող է հասնել  +8…+10 աստիճանի, որը ձմռան համար բավականին բարձր ցուցանիշ է, բայց որոշ ժամանակահատվածներում՝ արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժման դեպքում, գիշերային ժամերին ջերմաստիճանը կիջնի մինչև -22… -24 աստիճան: «Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային գոտիներում, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտիներում տաք օդի ներհոսքի դեպքում՝ ձմռան ընթացքում կլինեն ժամանակահատվածներ, որ ցերեկային ջերմաստիճանները կհասնեն մինչև 0…+5 աստիճանի, իսկ արկտիկական ցուրտ ճակատների անցման ժամանակ ՝ գիշերային ժամերին  կդիտվի մինչև -25…-30 աստիճան ցուրտ: Լոռիում տաք օդի ներհոսքի դեպքում ցերեկային ժամերին առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել +5…+10 աստիճանի, իսկ արկտիկական ցուրտ հոսանքների ներթափանցման դեպքում՝ գիշերը կգրանցվի մինչև -22…-27 աստիճան ցուրտ: Տավուշում առանձին օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա +8… +13-ի, իսկ ցուրտ օդի ներհոսքի դեպքում՝ գիշերը կհասնի -12…-16 աստիճանի: Սյունիքի մարզն ամենատաքն է: Սյունիքի նախալեռնային գոտիներում ցերեկային ժամերին ջերմաստիճանն առանձին օրերին կհասնի առավելագույնը +2…+7 աստիճանի, հովտային գոտում՝ +10…+14, իսկ արկտիկական ցուրտ օդի ներթափանցման դեպքում՝  հովտային գոտում գիշերային ժամերին  կարող է նվազել մինչև -10…-15 աստիճանի, իսկ լեռնային շրջաններում՝ -15…-20 աստիճանի»:

Ձմռանը Երևանում ամենատաք օրերին օդի ջերմաստիճանը կհասնի +8…+10 աստիճանի, իսկ ամենացուրտ օրերին՝ ցածրադիր գոտիներում կհասնի -20…-22 աստիճանի, բարձրադիր հատվածներում՝ -11…-13-ի: Ի տարբերություն նախորդ տարվա, երբ նորմայից ցածր տեղումներ էին գրանցվել, այս ձմռանը  տեղումների պակաս չի լինի:

Ձյան առատ տեղումներ հանրապետության տարածքում դեռևս չեն կանխատեսվում: Դեկտեմբերի 1-5-ը Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Տարածել
Նախորդ հոդվածԱյրվածքներ
Հաջորդ հոդված50 տարի առաջ