Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Վնասազերծվել է ավելի քան 100 միավոր զինամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Վնասազերծվել է ավելի քան 100 միավոր զինամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

154
Տարածել

2022 թվականի հունվարի 31-ից փետրվարի 6-ը ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 475 զանգ:

Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում հրդեհի վերաբերյալ 4 կանչի են արձագանքել՝ 1-ը բնակելի շինությունում, 2-ը աղբանոցներում եւ մեկը չոր խոտածածկ տարածքում:

Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 13, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 36 կանչ: Փրկարարները բացել են 7 փակ դուռ, մեկ վերելակ: առողջական խնդիր ունեցող 12 քաղաքացու տեղափոխել բուժհաստատություն: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 4 ելք։ Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի եւս 12 կանչերի:

Շարունակվել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաեւ քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնոնումները: Փրկարարական ջոկատները շաբաթվա ընթացքում կատարել են 4 ելք: Որոնք սակայն, ցավոք, արդյունք չեն տվել:

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների եւ ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1709 աճյուն:

Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման եւ դրանց ոչնչացման ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացրել են հետախուզական եւ կանխարգելիչ աշխատանքներ:

Ընդհանուր առմամբ այս շաբաթ Ասկերանի շրջանից հայտնաբերվել եւ վնասազերծվել է հրթիռակասետային 12 ռումբ, 6 պայթուցիչ, հակահետեւակային 15 եւ ականանետի 10 ական, 8 արկ, 6 հրթիռ եւ 44 ձեռքի նռնակ:

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն