Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարներն օգնել են Վրաստանի քաղաքացուն

Փրկարարներն օգնել են Վրաստանի քաղաքացուն

2384
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 500 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 218 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 18 կեղծ կանչ:

Փրկարարները 136 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 80-ը փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Աջափնյակ, Կենտրոն, Նոր Նորք, Շենգավիթ վարչական շրջաններում, Շիրակում, Սյունիքում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում կամ այլ վայրերում օձ նկատելու վերաբերյալ 26 ահազանգ է ստացվել: Օձ հայտնաբերվել եւ անվտանգ տարածք է տեղափոխվել 16 դեպքում: Արգելափակված 4 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 4 մարդ:

Այլ կանչեր. Տավուշի փրկարարները կեսգիշերն անց ահազանգ են ստացել, որ Ոսկեւան-Բաղանիս ավտոճանապարհին կցորդիչով բեռնատարի վառելիքը վերջացել է, անհրաժեշտ է օգնություն: Մեքենան գրանցված է Վրաստանում, վարորդը Վրաստանի քաղաքացի է: Հրշեջ-փրկարարներները քաղաքացուն օգնել են վառելիքով:

Անցած շաբաթ փրկարարները դպրոցներում, մանկապարտեզներում եւ այլ հաստատություններում կազմակերպել են «Հրդեհի դեպքում տարհանման կազմակերպումն ու իրականացումը ուսումնական հաստա­տու­թյուն­ներում», «Խոշոր հրդեհների դեպքում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը», «Փրկարարական եւ որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում ավերիչ երկրաշարժի ժամանակ», «Հրդեհաշիջման եւ տարհանման կազմակերպումը», «Երեխաների տարհանումը եւ հրդեհաշիջումը ճաշարանում բռնկված հրդեհի ժամանակ», «Հրդեհաշիջման եւ տարհանման աշխատանքների կազմակերպումը դպրոցում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը մանկապարտեզում», «Ազատի ջրամբարի փլուզման սպառնալիքի դեպքում բնակչության տարհանման միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը», «Հրդեհաշիջման եւ տարհանման աշխատանք­ների կազմակերպումը դպրոցի կաթսայատանը ծագած հրդեհի դեպքում» եւ այլ թեմաներով ուսումնավարժանքներ եւ դասընթացներ: