Գլխավոր Միջոցառումներ ԱԻՆ հաշմանդամ մարզիկները մեդալներ են նվաճել

ԱԻՆ հաշմանդամ մարզիկները մեդալներ են նվաճել

2861
Տարածել

Սեպտեմբերի 26-ին Երեւանի Ազատության հրապարակում անցկացվեց հաշմանդամություն ունեցող մարզիկների սպարտակիադա՝ նվիրված Եվրոպայում սպորտի շաբաթվան։ Նախաձեռնությունը կյանքի էր կոչվել Երեւանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային պարաօլիմպիկ կոմիտեի «Փրկություն» եւ «Սպորտը բոլորի համար» հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ:

Շուրջ 130 մարզիկ մրցեցին բասկետբոլ, վոլեյբոլ, բազկամարտ, ծանրամարտ, շոու-դաուն, բոչա, շախմատ, սեղանի թենիս եւ ֆուտբոլ մարզաձեւերում:

Անվասայլակով բասկետբոլի «Արտակարգ» թիմը՝ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տեղեկատվության վարչության աշխատակիցներ Սեւակ Մխիթարյանը, Հրաչ Մանուկյանը, Նուբար Կիրակոսյանն ու Էդգար Սողոմոնյանը, թեժ պայքար ցուցադրեցին։ Դեկտեմբերին Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիան նախատեսում է մեծ մարզական միջոցառում, որի կազմակերպչական հարցերը քննարկման փուլում են։

Բազկամարտ սպորտաձեւում գավաթի արժանացավ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տեղեկատվության վարչության տեղեկատվության ստացման եւ հաշվառման բաժնի առաջին կարգի մասնագետ Հովհաննես Ավանեսյանը, որը նաեւ ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի անդամ է։ Աղջիկների պայքարում սեղմում հենարանից վարժությունում հաղթող ճանաչվեց ԱԻՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատոր, բազմափորձ ծանրամարտիկ Գրետա Վարդանյանը։

ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 19-ին կանցկացվի սեղմում հենարանից վարժության Հայաստանի առաջնություն, այնուհետեւ դեկտեմբերին ֆեդերացիայի 8 մարզիկ կմեկնեն աշխարհի առաջնության։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են մարզիկները