Գլխավոր Վերլուծություն Անվտանգությունը՝ լեռներում․ ի՞նչ է պետք իմանալ

Անվտանգությունը՝ լեռներում․ ի՞նչ է պետք իմանալ

776
Տարածել

Վերջին տարիներին Հայաստանում լեռնագնացությունը՝ որպես էքստրեմալ տուրիզմի տեսակ, առավել գրավիչ է դարձել։ Տարեցտարի ավելանում են երթուղիները, դրան զուգահեռ՝ արտակարգ իրավիճակների հավանականությունը՝ կախված թե՛ սահմանային գոտու փոփոխությունից, թե՛ լեռների ռելիեֆի առանձնահատկություններից։

Լեռնային արշավների անվտանգության խնդիրների մասին խոսել ենք ArmԼand զբոսաշրջային ընկերության ղեկավար Արտյոմ Մարտիրոսյանի հետ։

-Արտյո՛մ, վերջին տարիներին ձմեռային արշավների ակտիվությունն ինչպե՞ս կգնահատես։ Ի՞նչ նոր երթուղիներ կան, որո՞նք են ավելի նախընտրելի։

-Ձմռանն արշավելն ավելի բարդ է, քանի մյուս եղանակներին։ Դա հիմնականում կապված է գույք-հանդերձանքի հետ։ Համազգեստ ունեցող, փորձառու արշավականները լեռներում են ամբողջ տարին։

Ձմեռային արշավներն ավելի տպավորիչ են, ձյունոտ գագաթների տեսարանները՝ ավելի գեղեցիկ։ Ձմռանը հարմար է բարձրանալ մինչեւ 2500 մետր բարձրությամբ լեռները, իսկ դրանք Հայաստանում շատ են։ Ամենամեծ բարդությունն օրվա կարճությունն է։ Բավական չէ լավ ճանաչել տեղանքը, պետք է ճիշտ հաշվարկել ժամանակը, իջնել լեռից մինչեւ մութն ընկնելը, քանի որ արշավականները կարող են խուճապի մատնվել։

Այս շրջանում արդիական են Խուստուփը, Երասխի լեռները։ Դեկտեմբերին գնալու ենք Իրանի Դեմավենդ լեռը, որն Ասիայի ամենաբարձր հրաբուխն է։

-Որո՞նք են այն հիմնական խնդիրները, որոնց առնչվում են արշավողները։ Ունե՞ս վերջին տարիներին արտակարգ դեպքերի մասին վիճակագրություն։

-Թիվ մեկ խնդիրն արահետների գծանշված չլինելն է։ Եթե մենակ ես արշավում եւ ծանոթ չես տեղանքին, կարող ես մոլորվել։ Ընդհանրապես ես խորհուրդ չեմ տա առանց խմբի կամ անհատական ուղեկցորդի արշավել։ Բարեբախտաբար մեր գրեթե բոլոր արահետներն այսօր գծանշված են, ու կարելի է ցանկացած տեղեկություն գտնել www.hikearmenia.org կայքում։

Երկրորդը սահմանային խնդիրներն են։ Պատերազմից հետո մենք կորցրել ենք լեռներ Ջերմուկի տարածքում, Սյունիք-Արցախ սահմանային գծում։ Նույնիսկ Գեղարքունիքի մարզի արեւելյան սահմանային լեռներն են վտանգավոր դարձել։ Արշավելուց առաջ պարտադիր պետք է խորհրդակցել ոլորտի պատասխանատու կազմակերպությունների հետ։

-Տարիներ առաջ պետական մակարդակով քննարվում էր մի նախագիծ՝ արշավականների համար ստեղծել հարթակ, որտեղ նախքան վերելքը կլրացվեր խմբի երթուղու մանրամասները՝ անհրաժեշտության դեպքում արագ արձագանքման համար։ Այդ նախաձեռնությունը կյանքի կոչվե՞ց։

-Կարծես թե իրեն չարդարացրեց։ Մենք այսօր աշխատում ենք Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի հետ, արշավներից առաջ նրանց ենք տեղյակ պահում։ Վերջերս Արագածում նման դեպք ունեցանք․ մասնակիցներից մեկի ճնշումն ընկել էր, եւ արագ կապի միջոցով ՆԳՆ փրկարար ծառայության շտապօգնության մեքենան տեղ հասավ ու օգնություն ցուցաբերեց։

Շատ է օգնում նաեւ www.wikiloc.com հավելվածը, որը թույլ է տալիս օնլայն տարածել քո կոորդինատները սոցցանցերում ու մեսենջերներում։ Արահետագծանշման իսպանական կայք է, որը գործում է նաեւ Հայաստանում։ Մասնագետները լրացնում են մեր արահետները, արշավականներն օգտվում են։

-Առաջին անգամ արշավողին միշտ ասում են՝ թեթեւ վերելքից սկսի՛ր։ Եղե՞լ է, որ մերժեք զբոսաշրջիկին՝ անվտանգությունից ելնելով։

-Սովորաբար հարցուփորձ ենք անում, թե նախկինում ինչ լեռներ է բարձրացել։ Եթե առաջինն է, ուրեմն բացատրում ենք, որ, օրինակ, իր նախընտրելի լեռը բարդ է, փորձում ենք այլընտրանք առաջարկել։ Արշավականը պարտադիր համաձայնագիր է ստորագրում, որ եթե վերելքի ժամանակ ինքնազգացողությունը վատանա, պարտավոր է երկրորդ ուղեկցորդի հետ վերադառնալ կես ճանապարհից։ Գնահատում ենք նաեւ մարդու առողջական վիճակը։ Լինում են դեպքեր, երբ մեզ խաբում են։ Համաձայնագրի մեջ անգամ կետ կա դրա մասին, որ առողջության վերաբերյալ կեղծ տեղեկատվության դեպքում ընկերությունը պատասխանատվություն չի կրում։ Մենք ունեցել ենք արշավական, որի սրտի ստենդավորման մասին իմացել ենք միայն արշավի ավարտին։

-Արտյո՛մ, այս միտքը շատ ես մեջբերում՝ վերջին խոսքը լեռանն է, ու դու դրա վառ ապացույցն ես, քանի որ 2020-ին Էլբրուս լեռան վրա շնչահեղձության խնդիր ես ունեցել ու դադարեցրել վերելքդ՝ խմբի ուղեկցումը վստահելով ամենափորձառու արշավականին։ Այս դեպքն ի՞նչ փոխեց քո մեջ։

-Հասկացա, որ պատասխատանու վերելքներից առաջ պիտի անպայման հանգստանամ, քիչ ծանրաբեռնվեմ։ Այդ ամենը գերհոգնածության արդյունք էր։ Պատրաստ եմ իմ փոխարեն ուրիշ ուղեկցորդ ուղարկել, եթե հոգնածություն եմ զգում։

Լեռնագնացությունը միայն գերազանց քարտեզ իմանալու ու կողմնորոշվելու կարողությունը չէ, այն հոգեբանական փորձություն է, քանի որ դու պարտավոր ես խումբն անփորձանք տեղ հասցնել։

-Վերելքից առաջ ի՞նչ ես սովորաբար ասում արշավականներին։

-Որ պետք է անխտիր լսել ուղեկցորդի բոլոր հրահանգները, կարգապահ լինել, թիմային մտածողություն ունենալ։

-Խոսենք արտագնա տուրիզմից։ Վերջին տարիներին Հայաստանի սահմանից դուրս ճամփորդությունները շատացել են։ Ո՞ր լեռներն են արդիական, որո՞նք են առավել անվտանգ թե՛ տեղանքի, թե՛ բնակչության վերաբերմունքի առումով։

-Չափազանց մեծ է հետաքրքրությունն Արարատի հանդեպ։ Ինքս արդեն 9 անգամ բարձրացել եմ Արարատը (ծիծաղում է, հեղ․)։ Անցած տարի Կիլիմանջարո գնացինք, առաջիկայում նախատեսում ենք Պերուի ու Մարոկկոյի լեռներ հասնել։ Շատ ենք արշավում Կազբեկ ու Էլբրուս։

Ինձ համար ամենազարմանալին Հիմալայան լեռներն էին։ Նեպալն արշավականների կենտրոնն է․ երբ առաջին անգամ տեսա այդ լեռները, կարծես մոլորակի ողնաշարը լիներ։ 6000- 8000 մետրի են հասնում, քայլում ես լեռան ստորոտով, հիանում տեսարաններով։ Մարդիկ հանգիստ են, հավատում են Կարմային, չկա հանցավորություն։ Գյուղ ես մտնում՝ անգամ շները չեն հաչում։ Ճանապարհորդելու համար Նեպալը շատ անվտանգ է։

Ուրախ եմ, որ մեր երկրում լեռնագնացության մշակույթը զարգանում է ու ընդլայնվում, մարդիկ ստանդարտ ծովափնյա հանգիստը փոխարինում են լեռնային արկածային տուրիզմով։ Լեռնագնաց ընտանիքը նույն մտածելակերպով կրթում է իր հաջորդ սերունդներին, նրանց երեխաներն ակտիվ ու կոփված են մեծանում։ Երբ հանդիպում ենք օտարերկրացի տարեց լեռնագնացների ու զարմանում, թե ինչպես են այդպես աշխույժ կենսակերպ վարում, ասում են, որ փոքրուց դրան են սովոր։

-Ամեն լեռ ունի իր «խառնվածքը»։ Հայաստանի սահմանից դուրս այն լեռներում, որտեղ եղել ես, ինչպե՞ս է կարգավորվում անվտանգության հարցը։ Կա՞ն ուղղորդիչ վահանակներ եւ այլն։

-Նեպալում, օրինակ, դրոշակներ էին տեղադրված, որ վատ տեսանելիության պայմաններում եւ ուշ ժամի ճանապարհը գտնես կամ չընկնես, օրինակ, սառցաճեղքի մեջ։

Էլբրուսում ու Կազբեկում կան պարաններ, որոնք նախատեսված են մագլցման ժամանակ սեփական անվտանգությունդ ապահովելու համար։

-Նախորդ տարի Ալպինիզմի ֆեդերացիան դպրոցներում արշավային մշակույթի ուսուցման ծրագիր սկսեց։ Ձեր թիմն էլ էր ընդգրկված։ Ի՞նչ եք սովորեցրել երեխաներին։

-Մոտ երկու շաբաթ դասախոսություններ կարդացինք արշավական գույք-հանդերձանքի մասին, ծանոթացրինք մեր լեռներին ու արշավային արահետներին, անվտանգության կանոններին, իսկ վերջում երեխաներին արշավի տարանք, որ իրենց գիտելիքը պրակտիկայում կիրառեն։

Լեռներում պահելաձեւի կանոնների մասով հատկապես հետեւողական ենք եղել։

-Արտյո՛մ, այսքան վերելքներ ես ունեցել՝ տարբեր բարդության։ Ի՞նչն է դրդում քեզ միշտ հասնել գագաթին։

-Ինքս ինձ կոփել եմ այն գաղափարով, որ եթե ճանապարհ ես սկսել, ու վտանգ չկա, պետք է տոկուն լինես ու հասնես վերջնակետին։ Բացի դրանից, եթե խոսենք Հայաստանի լեռների մասին, վերեւից անկրկնելի ու արժեքավոր տեսարաններ են բացվում։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Արտյոմ Մարտիրոսյանը