Գլխավոր Նորություններ ՄԱՍՆԱՎՈՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

ՄԱՍՆԱՎՈՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

663
Տարածել

Այս տարվա ապրիլի վեցին ՀՀ կառավարությունն ընդունեց «Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարություն»-ը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը: Ծրագրով սահմանված է, որ մինչև այս տարեվերջ պետք է մշակվի Աղետների ռիսկի կառավարման ոլորտում մասնավոր ներդրումների ներգրավման հայեցակարգ: Հայեցակարգի մշակումն ավարտական փուլում է:

«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ»՝ ԱՌՆԱՊ, հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Բարսեղյանից տեղեկացանք, որ փաստաթղթի մշակման աշխատանքային խմբում ներգրավված են մասնագետներ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից, ԱՌՆԱՊ-ից, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերից, Համաշխարհային բանկից:

Հայեցակարգը գրեթե պատրաստ է: Աշխատանքներն ընթացքի մեջ էին, երբ այս տարվա հոկտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունն ընդունեց պետական եկամուտների և ծախսերի վրա ազդեցություն ունեցող ռազմավարական փաստաթղթերի մշակման, ներկայացման և հսկողության իրականացման մեթոդական հրահանգ: Հիմա հայեցակարգի նախագիծը համապատասխանեցվում է նշված հրահանգով սահմանված չափանիշներին: Աղետների ռիսկի կառավարման ոլորտում մասնավոր ներդրումների ներգրավման հայեցակարգի նախագծի համաձայն, քայլերի ճիշտ հաջորդականությունը հետևյալն է. ռիսկի բացահայտում, ռիսկի նվազեցում, պատրաստվածություն, արձագանքում-վերականգնում-վերակառուցում, ռիսկի ֆինանսավորում: Սա կարելի է անել տարբեր եղանակներով, օրինակ, հավատարմագրային կառավարման պայմանագիր կնքել և մասնավոր ընկերությունը դառնա կառավարման պատասխանատու, կամ՝ վարձակալության պայմանագիր, երբ մասնավոր ընկերությունը վարձակալում է պետության ակտիվները և ծառայություններ մատուցում: Հայեցակարգով սահմանված են նաև այլ մոտեցումներ:

Փաստաթուղթը վերջնական տեսքի բերելուց հետո կուղարկվի շահագրգիռ պետական կառույցներին՝ տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների նախարարություններ, որոնց կարծիքներն էլ ամբողջացնելուց հետո կներկայացվի կառավարության հաստատմանը:

Ա. Զ