Գլխավոր ՀՀ ՆԳՆ Դանիացի ուսանողները ուսումնասիրում են ճգնաժամային կառավարման Հայաստանի փորձը

Դանիացի ուսանողները ուսումնասիրում են ճգնաժամային կառավարման Հայաստանի փորձը

2518
Տարածել

Անցած տարվա դեկտեմբերին Հայաստանում էին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի համալսարանական քոլեջի ուսանողներ Դանիել Օթթոսենն ու Միքել Ստյուարտ Ֆոգը: Քոլեջը մասնագիտացած է ճգնաժամային եւ ռիսկերի կառավարման կրթության ոլորտում, ուսանողներն էլ Հայաստանում էին անօդաչու թռչող սարքերին՝ ԱԹՍ, առնչվող ռիսկերը եւ սեյսմիկ անվտանգության հարցերը ուսումնասիրելու նպատակով: Նրանք հանդիպեցին նաեւ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողներին:

Այս տարվա փետրվարին եւ ապրիլին Հայաստան են ժամանել նույն քոլեջի ուսանողներ Մադս Էգը, Անդերս Կլիվեր Իզբրանդսենը, Ասբորն Ստահլուտ Ստենգարդ Բերգը, Քերոլայն Բեք Շմիդտը, Նիկոլայ Ինգերսլեվ Թոմսենը: Ուսանողների այս խումբն ուսումնասիրում է արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամերի կառավարման Հայաստանի փորձը: Արդեն եղել են քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում, ուսումնասիրել «Զվարթնոց» օդանավակայանի հակահրդեհային համակարգը, ներկա եղել Լոռիում՝ «Որոնողափրկարարական հարցերով միջազզգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group` INSARAG) չափանիշներով անցկացված 32-ժամյա դաշտային վարժանքին:

Ուսումնասիրել են փոստային առաքումների համակարգը՝ աղետների ռիսկի նվազեցման տրամաբանության մեջ՝ արտակարգ իրավիճակում միջազգային օգնության տրամադրման կարգերը, աղետներին պատրաստության եւ դիմակայության պլանները: Հանդիպել են արտակարգ իրավիճակների նախարարության, փոստային ծառայություններ մատուցող ընկերության, Միջազգային կառույցների Հայաստանի գրասենյակների՝ ՄԱԿ, Կարմիր խաչ եւ այլն, ներկայացուցիչներին: Ուսանողների կարծիքով, արտակարգ իրավիճակում եւ ճգնաժամի ժամանակ բոլոր կազմակերպությունները պիտի համախմբված աշխատեն: Ըստ դանիացիների, դժվար է կարճ ժամանակում մարդկանց մտածողությունը փոխել՝ անվտանգության մշակույթ ձեւավորել, դրա համար երկար ժամանակ է պետք, բայց ուսանողների այսօրինակ մասնակցությունը կարող է խթան դառնալ ցանկացած մեկի համար, օգտակար լինելու, նոր ձեռնարկներ սկսելու, ընկալումների փոփոխման:

Դանիացի ուսանողներին հետ աշխատում է Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրի Հայաստանի ազգային համակարգող, օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ, փ/ծ մայոր Արմինե Հայրապետյանը: Ըստ նրա, Հայաստանը աղետների ռիսկի նվազեզման ոլորտում լուրջ փորձ ու պատմություն ունի: «Փորձում ենք անձնական կապերի վրա սկսված համագործակցությանը պաշտոնական տեսք տալ, համատեղ ուժերով ստեղծել հայ-դանիական ուսանողական կամուրջ, որը հետո թույլ կտա լուրջ համագործակցություն սկսել: ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան եւ Կոպենհագենի համալսարանական քոլեջը կարող են համագործակցել»,- կարծում է Արմինե Հայրապետյանը: Նրա խոսքով, դանիացի ուսանողների առաջին՝ 2018 թվականի դեկտեմբերյան այցից հետո, կապն ու շփումները բավականին ակտիվ են, տեսակապ է եղել, ԱԻՆ ՃԿՊԱ-ն պատրաստ է համագործակցության հուշագիր ստորագրել Կոպենհագենի համալսարանական քոլեջի հետ: Մոտ ժամանակներս Հայաստան կգա դանիացի ուսանողների գիտական ղեկավարը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ