Գլխավոր Սպիտակ-30 Վաստակաշատ հրշեջը Սպիտակի երկրաշարժի մասին բանաստեղծություն է գրել

Վաստակաշատ հրշեջը Սպիտակի երկրաշարժի մասին բանաստեղծություն է գրել

509
Տարածել

1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի օրերին Բարսեղ Յայլոյանը Երեւանի թիվ 11 ինքնուրույն ռազմականացված հրշեջ մասի պետի տեղակալն էր: Ծնունդով երկրաշարժի էպիկենտրոն Սպիտակի շրջանի Նալբանդ (այժմ՝ Շիրակամուտ) գյուղից է: Տարիներ հետո՝ 2002 թվականին հրապարակվել է Բարսեղ Յայլոյանի «Ափսոսանքի տարիներ» բանաստեղծությունների ժողովածուն, որտեղ կա նաեւ Սպիտակի երկրաշարժին նվիրված բանաստեղծություն:

 

Անհամար են զոհերը մեր

Խորն է անչափ վիշտը հայի,

Բազմահազար գերեզմաններ

Չարժանացան շիրմաքարի:

Զարթնիր քնից, զարթնիր Շիրազ,

Տես ինչ դառավ մեր շեն Գյումրին,

Կործանվեցին սեր ու երազ,

Քար չմնաց դրված քարին:

Նայիր ձյունոտ Արագածին,

Վիշտ աչքերի մեջ է սառել,

Հայացքի մեջ ավեր Գյումրին,

Փեշերն ի վար խունկ է վառել:

Վշտից լռեց մեր հին զուռնան,

Թռավ բույրը լավաշ հացի,

Սուրբ տողերդ քնարական

Վերածվեցին սգո լացի:

Կործանվեցին գյուղ ու քաղաք,

Փոշի դարձան վայրկյաններում,

Փլվածքներում, քարերի տակ

Դեռ դիեր ենք մենք որոնում…

Ես ո՞ր ցավից հողը մաքրեմ,

Այն ո՞ր քարը շարժեմ տեղից,

Ո՞ր կույր քարի աչքը բացեմ,

Որ աշխարհ գա մի կյանք նորից…

Սրտի կսկիծ, մրմուռ ու լաց,

Փլվածքներում անթաղ դիեր,

Սեւ դագաղներ կարմիր հագած,

Մեկը՝ տերով, մեկը՝ անտեր:

Լուսաղբյուրում իմ քաղցրանուշ

Աղբյուրն էլ է խելագարվել,

Ասես մի սեւ դիվական ուժ

Շիրիմներն է իրար խառնել:

…Խորն է անչափ վիշտը հայի,

Մենք դրան էլ կդիմանանք,

Թեկուզ մենակ մի հայ լինի,

Այդ մեկով էլ հայ կմնանք: