Գլխավոր Վերլուծություն ԱՌՆԱՊ ծրագրերը Վայոց ձորում եւ Գեղարքունիքում

ԱՌՆԱՊ ծրագրերը Վայոց ձորում եւ Գեղարքունիքում

1221
Տարածել

«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ»՝ ԱՌՆԱՊ հիմնադրամը նախորդ շաբաթվա ընթացքում մի քանի այց է կազմակերպել մարզային համայնքներ։ Մասնավորապես՝ ԱՌՆԱՊ ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Կլիմայական ռիսկի գնահատումը Հայաստանի խոշորացված համայնքերում» ծրագրի շրջանակում մասնագետների թիմը Վայոց ձորի Եղեգնաձոր խոշորացված համայնքում հանդիպել է համայնքային ղեկավարության, համայնքապետարանի տարբեր պատասխանատուների, վարչական աշխատակիցների, դպրոցների, մանկապարտեզների եւ այլոց հետ, ներկայացրել «Տեղական մակարդակում ռիսկերի կառավարում»՝ ՏՄՌԿ, մեթոդաբանությամբ կլիմայի փոփոխության ուսումնասիրության անհրաժեշտությունն ու կարեւորությունը։ ԱՌՆԱՊ հիմնադրամի ներկայացուցիչ Վահան Հարությունյանի խոսքով՝ թիմը շրջել է խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերով, քարտեզագրել համայնքի կարողություններն ու վտանգները: Ներկայումս հավաքագրված տեղեկատվությունը թվայնացման փուլում է։

Մեկ այլ հանդիպում է կայացել Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարար վարչության եւ ստորաբաժանումների 18 փրկարար ծառայողի հետ։ Երկօրյա վերապատրաստման դասընթացի թեման էր արտակարգ իրավիճակներում առաջին հոգեբանական աջակցության տրամադրումը։

ԱՌՆԱՊ հիմնադրամի հոգեբանները ներկայացրել են առաջին հոգեբանական աջակցության նպատակները, սկզբունքները, խնդիրները, տրամադրման ձեւերն ու մեխանիզմները, սթրեսի կառավարման եւ հոգեբանական ինքնօգնություն կազմակերպելու աշխատանքային մեթոդները, տուժածների վարքային տարբեր դրսեւորումները՝ վախ, տագնապ, անորոշություն, պանիկ գրոհներ եւ այլն։
Մասնակիցները քննարկել են իրենց աշխատանքային պրակտիկայում հանդիպած մի շարք դեպքեր։

«Դասընթացի բովանդակության մշակման հարցում ԱՌՆԱՊ հիմնադրամը համագործակցել է փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի հետ: Դասընթացի ավարտին բոլորին տրամադրեցինք «Էքստերմալ հոգեբանական աջակցության ճանապարհային քարտեզ» գրքույկը»,- նշեց Վահան Հարությունյանը։

«Արտակարգ իրավիճակներում հրշեջ-փրկարարական ծառայության եւ առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողների արձագանքման կարողությունների հզորացում» դասընթացն իրականացվել է ԱՌՆԱՊ հիմնադրամի դեռեւս 2018 թվականին մեկնարկած «Արտակարգ իրավիճակներում վերարտադրողական առողջության նվազագույն ծառայությունների փաթեթ» ծրագրի շրջանակում։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ
Լուսանկարները տրամադրել է Վահան Հարությունյանը