Գլխավոր Վերլուծություն Սոս Մարգարյան. Ցանկացած կառուցապատում պետք է սկսել սեյսմիկ հաշվարկից

Սոս Մարգարյան. Ցանկացած կառուցապատում պետք է սկսել սեյսմիկ հաշվարկից

1061
Տարածել

Հայաստանը գտնվում է երկրաշարժավտանգ գոտում։ Մեր երկրում սեյսմիկությունն ունի բարդ պատկեր, ինչը պայմանավորված է բազմաթիվ ակտիվ բեկվածքների եւ բլոկերի առկայությամբ: Միայն 20-րդ դարում Հայաստանում գրանցվել է 4 ուժեղ երկրաշարժ՝ 1926 թվականի Գյումրիում՝ 5,8 մագնիտուդով եւ 8-9 բալ ուժգնությամբ, 1931 թվականին Զանգեզուրում՝ 6,3 մագնիտուդով եւ 8-9 բալ ուժգնությամբ, 1968 թվականին նույն տարածքում՝ 5,1 մագնիտուդով եւ 8 բալ ուժգնությամբ, 1988 թվականին Սպիտակում՝ 7,0 մագնիտուդով եւ 9-10 բալ ուժգնությամբ։ Դրանցից ամենաավերիչը Սպիտակի երկրաշարժն էր, որին զոհ գնաց ավելի քան 25 հազար մարդ։ Սպիտակի երկրաշարժը վերհանեց սեյսմիկ անվտանգության ոլորտում առկա սխալներն ու բացթողումները՝ դրանց թվում քաղաքաշինական նորմերի ոչ պատշաճ կիրառումը։

Խորհրդային սեյսմիկ դպրոցը ոչ ճիշտ դիրքորոշում էր ընտրել՝ երկրաշարժի կանխատեսումը, բնակֆոնդի սեյսմակայուն շինարարությունը այդքան էլ չէին կարեւորվում՝ ի տարբերություն, օրինակ, հանքարդյունաբերության ոլորտի, որում մեծ ներդրումներ էին արվում՝ սեյսմահետախուզության նպատակով։ Թերագնահատված սեյսմիկ վտանգի պայմաններում կառուցված եւ Խորհրդային միությունից մեզ ժառանգություն հասած շենքերը դեռ կան, իսկ երկրաշարժի կանխատեսումը նույնիսկ այսօր շարունակում է մնալ բարդ եւ անլուծելի խնդիր։

Ներքին գործերի նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, երեք տարի առաջ կազմել է Հայաստանի հանրապետության տարածքի սեյսմիկ վտանգի 1:500 000 մասշտաբի հավանականա­յին գնահատմամբ նոր քարտեզը։ Դրա հիման վրա ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեն սեյսմակայուն շինարարության նոր նորմեր է մշակել:

Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանի խոսքով, Սպիտակի երկրաշարժից առաջ գործող ԽՍՀՄ շինարարական նորմերում Հայաստանի տարածքի սեյսմիկ վտանգի մակարդակը նվազեցված էր, եւ կառուցվող շենքերի սեյսմակայունությունն ուներ մինչեւ 3 բալ դեֆիցիտ, մասնավորապես` Երեւանի տարածքի սեյսմիկությունը գնահատված էր 7-8 բալ։ Սպիտակի երկրաշարժից հետո՝ 1994 թվականին, ընդունվեցին սեյսմակայուն շինարարության առաջին ազգային նորմերը, Երեւանի տարածքի սեյսմիկությունը գնահատվեց 8-9 բալ։ Հետագայում այս նորմերը բարեփոխվեցին 2006 եւ 2020 թվականներին: Այսօր Երեւանի տարածքի սեյսմիկությունը 9 բալ եւ բարձր է։ Ակնհայտ է, որ անցած 35 տարվա ընթացքում Երեւանի եւ ամբողջ Հայաստանի տարածքում արձանագրվել է սեյսմիկ վտանգի աճ, հետեւաբար աճել է նաեւ սեյսմիկ ռիսկը։ Նախքան Սպիտակի աղետը կառուցված շենքերը սովորաբար նախատեսվում էին 50-70 տարվա համար՝ 8 բալ ուժգնությամբ ցնցումներին դիմացկունությամբ։ Աղետից անցել է 35 տարի, այդ շենքերի գերակշիռ մասն ունի սեյսմիկ խոցելիության միջին, մնացածը՝ բարձր մակարդակ։ Ընդ որում՝ հնարավոր է, որ միջին խոցելիության շենքերը կարող են դառնալ բարձր խոցելիության, քանի որ փոխվել է վտանգի գոտին, իսկ շենքերի կառուցատարրերը տարիքի հետ կորցրել են իրենց ամրությունը եւ այլն։

Այժմ սեյսմակայունության հարցը սուր է դրված։ Նախ՝ քաղաքաշինության կոմիտեն իրականացնում է շենքերի անձնագրավորում, ինչը չէր արվում խորհրդային տարիներին։ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունն էլ իր հերթին տալիս է հավանականային սեյսմիկ գնահատում, ինչը նշանակում է, որ հնարավոր է, օրինակ, նախապես պատկերացնել այդ տարածքում 5,5-6 մագնիտուդ երկրաշարժի տարածումն ու հետեւանքները։ Ըստ Սոս Մարգարյանի, Սպիտակի երկրաշարժի գոտում պատմական վաղ շրջաններում նույնպես եղել են ավերիչ երկրաշարժներ։ Ըստ նոր գործող սեյսմիկ վտանգի քարտեզի՝ Սպիտակն այսօր 10 բալանոց գոտում է, Երեւանը՝ 9 եւ բարձր։

ՍՊՏԾ տնօրենի խոսքով՝ նորմերի կիրառման լավագույն երաշխիքը պետք է լինի սեյսմիկ ապահովագրությունը, որը հաջողված պրակտիկա է արտերկրում․ «Շինարարության վերահսկողությունը շատ պայմանական է, իսկ սեյսմիկ ապահովագրություն ներդնելու դեպքում կառուցապատողը խաբելուց առաջ երկար կմտածի։ Ստացվում է, որ սխալի ամբողջ պատասխանատվությունը նրա ուսերին է։ Այդ դեպքում շինարարությունը կախված չի լինի անհատներից, այլ կդառնա համակարգ»։

Առավել ուշադրության են արժանի հատկապես հիդրոտեխնիկական բարդ կառույցները, հատուկ նշանակության օբյեկտները, կամուրջները, ջրամբարները, պոչամբարները եւ այլն, որոնք նույնպես կառուցվել են թերագնահատված սեյսմիկ վտանգի պայմաններում։ Ցանկացած կառուցապատում պետք է սկսել սեյսմիկ հաշվարկից, այլապես սխալներն անխուսափելի են։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ