Գլխավոր Միջոցառումներ Վարժանքներ՝ համայնքներում․ պատսպարում, անվտանգության կանոններ

Վարժանքներ՝ համայնքներում․ պատսպարում, անվտանգության կանոններ

2572
Տարածել

Տեղական ինքնակառավարման մարմիններն են արտակարգ իրավիճակներում բնակչության անվտանգության եւ հետագա կենսապահովման առաջին երաշխավորը ու պետք է ունենան գործողությունների հստակ պլան եւ դերաբաշխում։ Ու բնական է, որ փրկարարների ուշադրության կենտրոնում են ոչ միայն ուսումնական հաստատությունները, այլեւ հենց համայնքները։ Արցախյան երկրորդ պատերազմից հետո՝ առավել եւս:

Այս շաբաթ Արմավիրի մարզի Ծիածան համայնքում եւ միջնակարգ դպրոցում մարզային փրկարարական վարչությունն անցկացրել է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Փորձարկվել է Ծիածան համայնքի էլեկտրաշչակը. այն սարքին է, անխափան աշխատում է: Համայնքի ազդարարման արդյունքում կազմակերպվել է բնակչության, միջնակարգ դպրոցի մանկավարժական անձնակազմի եւ աշակերտների պատսպարում: Բնակչությունը պատսպարվել է մասնավոր տների, իսկ դպրոցի անձնակազմը՝ դպրոցի նկուղում։ Ուսումնավարժության ընթացքում փրկարարներն ու համայնքի ղեկավարը ուսումնասիրել են բնակելի տների նկուղների պատրաստվածության վիճակը, տրվել են համապատասխան ցուցումներ, արվել առաջարկություններ: Ուսումնավարժության ընթացքում Արմավիրի ՄՓՎ Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փ/ծ փոխգնդապետ Ջ․ Բարսեղյանը ներկայացրել է «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում եւ «Ուժեղ երկրաշարժի դեպքում» բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնները։

Մարտի 23-ին Արմավիրի մարզպետարանում մարզի քաղաքացիական պաշտպանության ծառայությունների շտաբի պետերի հետ վարչության աշխատակիցները կազմակերպել են հրամանատարական պատրաստության պարապմունքներ՝ «ՀՀ օրենքը ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», «ՔՊ ծառայությունների, ՔՊ կազմավորումների ստեղծման, նախապատրաստման եւ գործունեության կարգը», «ՔՊ դերը երկրի պաշտպանության միջոցառումների ընդհանուր համակարգում, ՔՊ ղեկավարումը Հայաստանի Հանրապետությունում» թեմաներով:

«Վարվելակերպի կանոնները երկրաշարժի ժամանակ» թեմայով դասախոսություն է կազմակերպվել Արագածոտնի մարզի Ռյա-Թազա համայնքում, որին հաջորդել է նույն թեմայով գործնական վարժանք՝ էլեկտրական շչակի գործարկմամբ։

Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցում հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժության թեման «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» անձնակազմի պատսպարումն էր։ Մասնակցում էին 220 աշակերտ եւ ուսուցչական կազմը, ինչպես նաեւ մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչներ:

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ