Գլխավոր Վերլուծություն LastQuake բջջային հավելվածը՝ հայերեն

LastQuake բջջային հավելվածը՝ հայերեն

1162
Տարածել

2021 թվականից Հայաստանի բնակչության համար հասանելի է միջազգային LastQuake https://m.emsc.eu/ բջջային հավելվածը՝ հայերեն լեզվով։ Այն միացված է համաշխարհային եւ Հայաստանի սեյսմոլոգիական ցանցին։ Հենց երկրաշարժի պահին հեռախոսի էկրանին հայտնվում է երկրաշարժի վերաբերյալ ինֆորմացիա՝ էպիկենտրոն, մագնիտուդ, խորություն եւ ժամանակ։

Ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության ուսումնական բաժնի պետ Սյուզաննա Կակոյանը նշում է՝ հավելվածը կատարում է վաղ ազդարարման ֆունկցիա, սակայն երկրաշարժի վերաբերյալ ինֆորմացիան գրանցվում է հենց այն պահին, երբ տեղի է ունենում երկրաշարժը։ Աշխարհում դեռ չկա երկրաշարժի ճշգրիտ կանխատեսման հստակ մեխանիզմ, որը նախապես կկանխատեսի երկրաշարժի տեղը, ժամանակը, ուժգնությունը։ «Անցած տարվանից տարբեր միջոցներով իրազեկում ենք մարդկանց այս հավելվածի մասին։ Օրինակ՝ Թուրքիայի երկրաշարժի ժամանակ համակարգն անմիջապես ցուցադրեց էպիկենտրոնը։ Այսինքն՝ հստակ տեղեկություն ունենալով՝ դու կարող ես կազմակերպել քո հետագա քայլերը, պաշտպանությունը»,- ասում է Սյուզաննան։

Հավելվածը մշակել է Եվրոպա-միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնը, որը միավորում է 55 երկրի 84 սեյսմոլոգիական կառույց։ Տվյալները ցուցադրվում են ինտերակտիվ քարտեզի վրա՝ ըստ զեկույցների։ Կարելի է տեսնել նաեւ ականատեսների վկայությունները, տեսանյութեր ու լուսանկարներ։

Հավելվածը նախատեսված է թե՛ Android, թե՛ IOS օպերացիոն համակարգերի համար։

Օգտվելու համար անհրաժեշտ է.

  1. Մուտք գործել բջջային հեռախոսի App Store կամ Google Play տիրույթ,
  2. Որոնումների բաժնում անգլերեն գրել LastQuake,
  3. Ներբեռնել LastQuake հավելվածը,
  4. Գրանցվել հավելվածում էլեկտրոնային փոստի միջոցով,
  5. Անցնել կարգավորումներ (Settings), այնուհետեւ՝ ձեր էջը (Your account) բաժինները, լեզուների կարգավորման կոճակի միջոցով ընտրել հայերենը եւ սեղմել պահել (հիշել՝ save) կոճակը,
  6. Միացնել ձեր գեոլոկացիան, որպեսզի հավելվածը կարողանա ցույց տալ ձեր մոտակայքում գրանցված երկրաշարժերը։

Եթե դուք զգացել եք երկրաշարժ, ապա կարող եք մուտք գործել հավելվածի «ԵՍ ԵՐԿՐԱՇԱՐԺ ԵՄ ԶԳԱՑԵԼ» բաժին, որտեղ ցուցադրված է 12 նկար։ Դրանք ներկայացնում են երկրաշարժի 12 բալային սանդղակը․ առաջին նկարը համարժեք է 1 բալին, երկրորդը՝ 2 բալին եւ այդպես շարունակ։ Անհրաժեշտ է սեղմել այն նկարի վրա, որը առավելագույն ճշտությամբ նկարագրում է տվյալ պահին ձեր զգացած երկրաշարժը։ Վերջում սեղմում եք «ՈւՂԱՐԿԵԼ» կոճակը:

Համակարգը հեշտ կիրառելի է, կան նաեւ երկրաշարժի ու ցունամիի ժամանակ անվտանգության վարքականոնի մասին ցուցումներ։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ