Գլխավոր Ուսուցողական նյութեր Ուսուցում՝ խաղի միջոցով. հանրային իրազեկման նոր հեռանկարներ

Ուսուցում՝ խաղի միջոցով. հանրային իրազեկման նոր հեռանկարներ

452
Տարածել

2017 թվականին Հայաստանի կառավարությունն ընդունել է աղետների ռիսկի կառավարման ռազմավարություն, որի առաջնահերթություններից մեկն ԱՌԿ ոլորտի ծրագրերում եւ նախաձեռնություններում մասնավոր հատվածի ներգրավվումն է: Դրա անհրաժեշտությունը բխում է Հայաստանի աշխարհագրական առանձնահատկություններից, երկրում կատարվող փոփոխություններից: Հանրային իրազեկումը, որի կարեւորության մասին խոսվում է հատկապես Սենդայի գործողությունների ծրագրում, պետք է իրականացվի բոլոր հնարավոր խողովակներով:

Պետություն-մասնավոր հատված համագործակցության լավ օրինակ են «Դը Գեյմ» ինտելեկտուալ խաղեր արտադրող ընկերության ուսուցողական զարգացնող խաղերը, որոնք մշակվել են «Լոռէ» փրկարար ջոկատի մասնագետների մեթոդական օգնությամբ:

«911. արտակարգ իրավիճակներ եւ առաջին օգնություն» խաղը հարց-պատասխանի տեսքով է, նախատեսված է 10-ից ավելի մասնակիցների համար՝ միջին եւ ավագ դասարանների աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ, ծնողներ: Խաղը ծանոթացնում է արտակարգ իրավիճակներից (սելավ, փոթորիկ, կայծակնահարություն, երկրաշարժ, ձնահոսք եւ այլն) առաջ եւ հետո գործողությունների հերթականությանը, թունավորումների, խայթոցների, ջրահեղձության, շնչահեղձության, այրվածքների, կոտրվածքների եւ այլ պատահարների դեպքում վարքականոնին եւ առաջին օգնությանը:

«Զգուշության կանոններ»-ը նախատեսված է մանկահասակ երեխաների համար. խաղաքարտերը պատկերացում են տալիս վտանգավոր իրավիճակների, դրանցից խուսափելու միջոցների եւ առաջին օգնության մասին:

«Լոռէ» փրկարար ջոկատի նախագահ, ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրի ղեկավար Արմեն Առաքելյանի խոսքով՝ համագործակցության առաջարկն արել է ընկերությունը: Խաղերը ստեղծվել են եվրոպական միջազգային չափորոշիչներով՝ տեղայնացվելով Հայաստանի համար: Որպես ուսումնաօժանդակ նյութ՝ դրանք օգտագործվում են նաեւ միջին մասնագիտական կրթական ծրագրի դասերի եւ ճամբարների ժամանակ:

«Դը Գեյմ» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սրբուհի Եփրեմյանը նշեց՝ անվտանգության վերաբերյալ խաղեր ստեղծելու շարժառիթը եղել են վերջին տարիներին Հայաստանի տարածքում երկրաշարժի հաճախակի դեպքերը: Երկու թիրախային խումբ են ընտրել՝ մանկապարտեզ եւ հիմնական դպրոց:

ՃԿՊԱ շրջանավարտ, ընկերության կոնտենտ-մասնագետ Սիրանուշ Բադալյանի առաջարկով դիմել են «Լոռէ»-ին, որը ոլորտում մեծ փորձ ունի: «Առաջին հերթին նրանք օգնեցին մեզ հասկանալ, թե որ ռիսկերն են Հայաստանին ավելի բնորոշ, որպեսզի կարողանանք շեշտը դրանց վրա դնել: Ամեն հարցում չափազանց ուշադիր էին: Օրինակ՝ խաղաքարտ կար, որում թոռնիկը դեղ է մեկնում պապիկին, որի ինքնազգացողությունը վատացել է: Մեզ ուղղորդեցին, որ դեղատուփը պետք է երեխայի համար անհասանելի վայրում լինի: Նույնիսկ ամենամանր հարցերը հաշվի ենք առել, որ ոչ ոքի չվնասենք»,- հավելեց Սրբուհին:

Նրա խոսքով՝ խաղերի արդյունավետությունը մեծապես կախված է նաեւ ծնողից ու մանկավարժից: Օրինակ՝ «Զգուշության կանոններ» խաղը մայրիկները միանշանակ չեն ընդունում: Ոմանք կարծում են, որ արտակարգ իրավիճակը պատկերավոր ցույց տալով՝ երեխային կարող ես դրդել փորձարկումների: Ընկերության ներկայացուցիչը վստահեցրեց՝ ճիշտ ներկայացնելու եւ բացատրելու դեպքում ոչ մի վտանգ չի լինի:

Դիզայնը խաղերի ստեղծման ամենաբարդ փուլն է եղել: Քանի որ մանկահասակ երեխաները իրավիճակն ընկալում են հիմնականում պատկերների միջոցով, խաղաքարտերը նախագծվել են այնպես, որ հերոսները լինեն նրանց հասակակիցը, գույները՝ հաճելի, տեքստը՝ քիչ, ներկայացվող իրավիճակները՝ առօրեական:

Առաջիկայում ընկերությունը «Լոռէ» փրկարար ջոկատի հետ համատեղ կթողարկի կլիմայի փոփոխությունների վերաբերյալ նոր խաղ:

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ