Գլխավոր Հրշեջ-փրկարարներ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ

ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ

1322
Տարածել

Սեփական քաղաքի անվտանգությամբ մտահոգ

Ստեփանավանի հանգստյան գոտին՝ նախկին «Պիտոմնիկը», երկարամյա պատմություն ունի։ Այստեղ է տեղակայված նաև «Լոռէ» փրկարար ջոկատը։ Հրամանատար Արմեն Առաքելյանի խոսքով՝ անկախության «ցուրտ ու մութ» տարիներին տղաներն ամեն կերպ կանխել են մոտ 10 հա տարածք զբաղեցնող այգու ծառահատումը։ Այսօր վտանգված է այգու մաս կազմող սոճիների պուրակը, որտեղ 50-70 տարեկան հաստաբուն ծառեր են։ «Ջոկատում շատերը պատանի տուրիստ են եղել, բնությունը մեզ համար սրբություն է։ 1990-ականներին 4 հա-ի վրա 22 հազար սոճի ենք տնկել, ինչի շնորհիվ այսօր հրաշալի անտառ ունենք։ Բայց չէ՞ որ այս հողակտորը նաև մեր նախնիներն են պահպանել։ Սա բոլորիս խնդիրն է»,- ասաց հրամանատարը։

Բանն այն է, որ մասնավոր տարածքում կառուցապատում իրականացնող շինարարական ծանր տեխնիկան երկու անգամ անօրինական կտրել է մոտ 1 կմ երկարությամբ ծառուղին՝ այդպիսով կարճելով նախատեսված ասֆալտապատ ճանապարհը և վնասելով սոճիների բաց արմատները։ Փրկարարները և վրդովված տեղաբնակները դիմել են քաղաքապետարան հարցին լուծում տալու համար։ Փրկարարի դիտարկմամբ՝ վնասված արմատներով ծառը վաղ թե ուշ շրջվելու է քամուց կամ պարզապես չորանալու՝ այն դեպքում, երբ հարյուրավոր մարդիկ, հատկապես՝ ասթմայով հիվանդները,  պուրակ են գալիս փոշոտման սեզոնին՝ բնական բուժում ստանալու։

Սեփական քաղաքի անվտանգությամբ մտահոգ մասնագետը մեկ այլ դեպք է հիշում. տարիներ առաջ մի մասնավոր ընկերություն համապատասխան թույլտվությամբ հուլիս ամսին խոր էտում էր իրականացրել Գյուլագարակ-Ստեփանավան  ճանապարհի երկայնքով ձգվող եռաշարք ծառերի տարածքում, որը նախագծել էին խորհրդային մասնագետները ճանապարհը ձնաբքից պաշտպանելու նպատակով. «Թե՛ ծառերի տեսակները, թե՛ երթևեկելի գոտուց դրանց հեռավորությունը խելացի կերպով էին ընտրված։ Էտումից հետո դրանք կորցրին իրենց ֆունկցիան. նախկին բարձր ծառերի փոխարեն այսօր 5-6 շիվ ունեցող գերաններ են։ Նույնիսկ այս տարի ճանապարհի այդ հատվածում գոյացած մերկասառույցի պատճառով մահվան ելքով ավտովթար ենք ունեցել»։

Բարեբախտաբար, միջազգային կառույցների միջամտությամբ գործընթացը կասեցվել էր, սակայն սանիտարական էտման կարիք ունեցող մյուս ծառերի ճյուղերը մինչ օրս կախված են ճանապարհին և վտանգ են ներկայացնում։

Հարցի առնչությամբ զրուցեցինք Ստեփանավանի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Հրահատ Աբրահամյանի հետ։ Պաշտոնյան հավատացրեց, որ սոճիների պուրակով շինանյութի տեղափոխումը բացառապես վարորդի և շինարարների «անփութության» հետևանքն է։ Քաղաքապետարանի կողմից դեպքի մասին իրազեկվել է սեփականատիրոջը, իսկ աշխատակիցների հետ տարվել են բացատրական աշխատանքներ, ինչից հետո,  ի հակադրություն վերոնշյալ պնդման, միջադեպը չի կրկնվել։ «Ծառուղին մեզ համար շատ թանկ է, դրա հետ են կապված մեր մանկությունը, դահուկային արշավները։ Այգում ասֆալտապատման աշխատանքներ են կատարվել, տեղադրվել  նստարաններ ու աղբամաններ, անցկացվել է գիշերային լուսավորություն։ Բացի դրանից՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրով գարնան սկզբին համայնքի տարածքում ամենամյա ծառատունկ է իրականացվել. տնկվել են մոտ 3000 թխկի, կեչի, կարմիր կաղնի և հիմալայան մայրի ծառատեսակներ»,- ամփոփեց բաժնի պետը՝ հավելելով, որ բնության հանդեպ բարեխիղճ վերաբերմունք ձևավորելու նպատակով առաջիկա ծառատունկին ներգրավվելու են զինվորականներ և դպրոցականներ. վերջիններս հակված են նորատունկ ծառերը կոտրելու։

 

Սոճիների պուրակի հետագա ճակատագրին կանդրադառնանք առաջիկայում։