Գլխավոր Միջոցառումներ Հիշելով ահաբեկչության զոհերին

Հիշելով ահաբեկչության զոհերին

133
Տարածել

Մեր օրերում ահաբեկչությունն ու պատերազմը բնակչության անվտանգության եւ կենսագործունեության խաթարման հիմնական պատճառն են դարձել, ինչից այս կամ այն կերպ տուժում են բոլոր պետությունները: Տնտեսության եւ խաղաղության ավստրալիական ինստիտուտի տվյալներով՝ 2022 թվականին երկրագնդի վրա գրանցվել է 3900-ից ավելի ահաբեկչական ակտ, որին զոհ է գնացել 6700 մարդ: Ցուցակում ընդգրկված Հայաստանի զեկույցի համաձայն՝ հարցվածների 30 տոկոսը Լեռնային Ղարաբաղի տարածքում կրկնվող ռազմական գործողությունները համարում է իրենց անվտանգության առաջնային սպառնալիքը:

2017 թվականից օգոստոսի 21-ը նշվում է որպես ահաբեկչության զոհերի հիշատակի եւ ոգեկոչման միջազգային օր: Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի ընդունած փաստաթղթում հստակ ընդգծվում է տուժածների եւ նրանց ընտանիքների աջակցության, ինչպես նաեւ ահաբեկչության դեմ միջազգային պայքարի ամրապնդման անհրաժեշտությունը:

Օրվա խորհուրդն ու նպատակն է հիշատակել զոհվածներին եւ օգնել վերապրածներին վերականգնել բնականոն կյանքը:

Ամբողջ աշխարհում այս օրը ՄԱԿ-ի տեղական գրասենյակներն անցկացնում են դասախոսություններ, դասընթացներ, կլոր սեղան քննարկումներ, որոնց ժամանակ պաշտոնական ներկայացուցիչները հանդես են գալիս տարեկան զեկույցներով: Կազմակերպվում են նաեւ բացօթյա ցուցահանդեսներ:

Այս տարի ՄԱԿ-ի յություբյան պաշտոնական էջում կցուցադրվի «Ժառանգություն. ինչպես գտնել հույս եւ կառուցել ավելի լավ ապագա» վավերագրական ֆիլմը: Այն պատմում է ահաբեկչությունից փրկվածների կյանքի եւ ահաբեկչական ակտերի երկարատեւ հետեւանքների մասին:

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ