Գլխավոր Միջոցառումներ Վարժանքներ․ մայիս ամսվա ամփոփում

Վարժանքներ․ մայիս ամսվա ամփոփում

908
Տարածել

Մայիս ամսվա ընթացքում Երեւանում եւ մարզերում անցկացվեցին բազմաթիվ ուսումնավարժություններ՝ նվիրված խոշոր հրդեհների դեպքում մարդաշատ վայրերում բնակչության տարհանմանն ու պաշտպանությանը, սեզոնային վտանգներին, երկրաբանական երեւույթներին՝ սելավ, ջրհեղեղ, սողանք եւ համաճարակներին։

Մայիսի 30-ին Քաջարանի առեւտրի կենտրոններից մեկում անցկացվեց «Հրդեհաշիջման եւ տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք։ Ըստ սցենարի՝ հրդեհ է բռնկվել էլեկտրական հաղորդալարերի ծանրաբեռնվածությունից։ Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Արայիկ Մկրտչյանը վարժանքը գնահատեց բավարար։ Մեկհարկանի շինությունն ունի երկու մուտք, ապահովված է հրդեհաշիջման առաջնային միջոցներով եւ կրակմարիչներով, գտնվում է բնակելի հատվածից մոտ հեռավորության վրա։ Վարժանքի ժամանակ տարհանվել էին թե՛ անձնակազմը, թե՛ այցելուները։ Փրկարարներն ապահովել էին խանութի գույքի անվտանգությունը։ Հրամանատարը նկատեց՝ բնակիչները վերջին տարիներին ավելի զգոն են դարձել, սովորել են անսալ փրկարարների՝ անվտանգություն պահպանելու հորդորներին։ Առեւտրի կենտրոնի ղեկավարությանը խորհուրդ է տրվել վճարային տերմինալը մուտքերից հեռու տեղադրել՝ իրական արտակարգ իրավիճակում տարհանմանը չխոչընդոտելու համար։

«Արտաշատ պլազա» առեւտրի կենտրոնում պայմանական հրդեհաշիջման համար ընտրվել է մեկ տաղավար, հրշեջ-փողրակները մոտեցվել են հետնամուտքից։ Արտաշատի ՀՓՋ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Արմեն Միքայելյանը նշեց՝ նորակառույց շինությունները բավական անվտանգ են։ Առեւտրի կենտրոնում կան ներքին հրշեջ-ծորակներ, բոլոր մուտքերը բաց են։ Փրկարարներին միացել էին նաեւ անվտանգության աշխատակիցները՝ այցելուների շրջանում խուճապը կանխելու նպատակով։ Վարժանքը գնահատվեց լավ։

Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքում անցկացվեց «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը սելավների սպառնալիքի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն։ Քննարկվեցին սելավի ժամանակ բնակչության տարհանման ուղիները, գյուղի տեխնիկական հնավորությունները, քաղպաշտպանական կազմավորումների փոխհամագործակցությունը։ Շիրակի մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փ/ծ փոխգնդապետ Մարտին Մկոյանը հավելեց՝ սելավավտանգ Արթիկի տարածաշրջանում սելավատարերի մաքրությունն առաջնահերթ կարեւորություն ունի։

Հակառակորդի հարձակման վտանգի դեպքում քաղպաշտպանական գործողությունների թեմայով շտաբային ուսումնավարժություններ են անցկացվել նաեւ Բերքաշատ եւ Նոր Կեսարիա համայնքներում, սողանքի թեմայով՝ Տաթեւ համայնքի Հարժիս բնակավայրում, ջրհեղեղի թեմայով՝ Ծովինար համայնքում։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ