Գլխավոր Միջոցառումներ ՆԳՆ մարզիկները՝ պարափաուերլիֆթինգի աշխարհի առաջնությանն ընդառաջ

ՆԳՆ մարզիկները՝ պարափաուերլիֆթինգի աշխարհի առաջնությանն ընդառաջ

221
Տարածել

Օգոստոսի 22-30-ն Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում անցկացվելու է պարափաուերլիֆթինգի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը կներկայացնի 7 մարզիկ: Նրանց թվում են Ներքին գործերի նախարարության Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի աշխատակիցներ Գրետա Վարդանյանը, Հարություն Մխիթարյանը եւ Սարգիս Միրիբյանը:

Մեկնելուց առաջ կարճ զրույց ունեցանք փորձառու մարզիկների հետ: Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի փորձագետ, պարափաուերլիֆթինգի աշխարհի գավաթակիր, Եվրոպայի փոխչեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Գրետա Վարդանյանը նշեց, որ թիմը բավականին պատրաստված է. կան մարդիկ, որոնք առաջին անգամ են նման մեծ միջազգային մրցույթի մասնակցում: Գրետայի հուզմունքն այս անգամ կրկնակի է՝ թե՛ ինքն է մրցահարթակ դուրս գալու, թե՛ իր սանը՝ Սվետլանա Մանուկյանը: Դժվարությամբ են ֆինանսավորում գտել՝ ամբողջ թիմը մրցման տանելու համար: Ակնկալիքները մեծ են:

Լոռու մարզային փրկարարական վարչության ՃԿԿ փորձագետ, ծանրամարտի եւ բազկամարտի միջազգային մեդալակիր Հարություն Մխիթարյանը կատակեց՝ իր քաշային կարգը «մահապարտների կարգ» անվանումն է ստացել: Մասնակցելու է մոտ 27 պրոֆեսիոնալ մարզիկ աշխարհի տարբեր անկյուններից: Նրա խոսքով՝ ծանրամարտում անարդարության դեպքեր հաճախ են լինում, մեդալի ակնկալիք չունի, բայց պայքարելու է մինչեւ վերջ՝ լավագույն տասնյակում ընդգրկվելու համար:

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ՃԿԿ փորձագետ, ծանրամարտի բազմակի մեդալակիր Սարգիս Միրիբյանը երկար ժամանակ պատրաստվել է այս մրցաշարին: Նման միջազգային հարթակում իր առաջին ելույթն է լինելու: Հանդես է գալու 72 կգ քաշային կարգում: «Երեխաներս  բոլորին հայտարարել են, որ հայրիկը չեմպիոն է դառնալու: Շատ պարտավորեցնող է»,- ժպիտով ասաց Սարգիսը:

ՆԳՆ մարզիկների ելույթները նախատեսված են օգոստոսի 24-ին, 26-ին եւ 28-ին: Ուղիղ հեռարձակմանը կարելի է հետեւել առաջնության ֆեյսբուքյան էջում: 

Մանրամասներին կանդրադառնանք:

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարը տրամադրել է Գրետա Վարդանյանը