Գլխավոր Վերլուծություն Ապրիլի արտակարգ դեպքերը

Ապրիլի արտակարգ դեպքերը

191
Տարածել

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2023 թվականի ապրիլին հանրապետությունում գրանցված տեխնածին, տարերային եւ սոցիալ-կենսաբանական բնույթի արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

Փրկարար ծառայության ստորաբաժանումները ապրիլին իրականացրել են 1673 ելք: 493 կանչով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 684՝ կենցաղային կանչ, 121՝ կեղծ ահազանգ, 375՝ այլ դեպքեր: Նախորդ տարվա ապրիլ ամսվա համեմատությամբ, կատարված ելքերի քանակը նվազել է 312-ով: Արտակարգ դեպքերից ու պատահարներից զոհվել է 31, տուժել` 1127 մարդ: Փրկարարները 11 մարդու կյանք են փրկել: 2022 թվականի ապրիլի համեմատությամբ, տուժածների թվաքանակն աճել է 127-ով, իսկ զոհվածների թվաքանակը մնացել է անփոփոխ:

Ինչպես եւ դիտարկվող նախորդ ժամանակահատվածներում, արտակարգ դեպքերի զգալի մասը` 90,9 տոկոսը հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումներն են:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհ­նե­րի առա­ջաց­ման վերաբերյալ 467 ահազանգ (2022 թվականի ապրիլին՝ 662 ահազանգ), որից հրդեհ է գրանցվել 268 դեպքում (2022 թվականի ապրիլին՝ 488 դեպք): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համե­մատությամբ, հրդեհների քանակը նվազել է 220-ով: 99 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ (2022 թվականի ապրիլին՝ 70): 91 դեպքում՝ հրդեհի բռնկման սպառ­նալիքը եւ ծխապատ գոտին (2022 թվականի ապրիլին՝ 83) եւ 9 դեպքում՝ հսկողությամբ իրականացվող այրումը (2022 թվականի ապրիլին՝ 21 դեպք) հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին:

Ապրիլին հրդեհների 65,7 տոկոսը՝ 176 դեպք, գրանցվել է քաղաքներում, 34,3 տոկոսը՝ 92 դեպք` գյուղերում: Նախորդ տարվա ապրիլի հա­մեմատությամբ, քաղաքային հրդեհների քանակը նվազել է 109-ով, գյուղական հրդեհներինը՝ 111-ով:

Երեւանում գրանցվել է 110 հրդեհ: Մարզերից ամենաշատը տուժել է Կոտայքը՝ 34, ամենաքիչը՝ Արագածոտնը՝ 7: Ըստ համայնքների. ամենաշատը տուժել են Կոտայքի եւ Սյունիքի քաղաքները՝ 12-ական հրդեհ, ամենաքիչը՝ Շիրակի եւ Տավուշի գյուղերը՝ 3-ական հրդեհ:

Այրվել է առավելապես բուսածածկ տարածք՝ 64 դեպք: Բացի սրանից, կրակի բաժին են դարձել. աղբ՝ 64, առանձնատուն՝ 36, տրանսպորտային միջոց՝ 30, տնակ-ավտոտնակ՝ 13, բնակելի շենք՝ 10, անասնակեր՝ 4 եւ այլն:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

2023 թվականի ապրիլին փրկարարները ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 325 կանչ են ստացել՝ 10-ով ավելի քան 2022 թվականի ապրիլին: ՃՏՊ-ների գերակշիռ մասը՝ 46,5 տոկոսը՝ 151 դեպք գրանցվել է Երեւանում: Մարզերից ամենաշատը տուժել է Կոտայքը՝ 35, ամենաքիչը՝ Վայոց ձորը` 3:

Թունավորում

2023 թվականի ապրիլին փրկարարները թունավորումների վերաբերյալ 225 կանչ են ստացել՝ 17-ով ավելի քան 2022 թվականի ապրիլին: Երեւանում գրանցվել է 139 թունավորում: Մարզերից ամենաշատը տուժել է Արմավիրը՝ 29 թունավորում, ամենաքիչը՝ Սյունիքն ու Վայոց ձորը՝ թունավորման մեկական դեպք:

Կորոնավիրուս

2020 թվականի մարտից հանրապետությունում տարածված կորոնավիրուսի համաճարակից, 2023 թվականի ապրիլին զոհվել է 6, տուժել՝ 409 մարդ:

Այլ դեպքեր

2023 թվականի ապրիլին հանրապետությունում գրանցվել է վայրի կենդանիների 22 հարձակում, 11 փլուզում, 7 ուժեղ քամի, 6 քարաթափում, 4 պայթյուն, 2 մերկասառույց, մեկական՝ սողանք, դարափուլ, ուժեղ կարկուտ, ցրտահարություն, անասնահամաճարակ եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Նախորդ ամիսների արտակարգ դեպքերը.

2023-ի առաջին եռամսյակ

Հունվար

Փետրվար

Մարտ