Գլխավոր Միջոցառումներ ՆԳՆ մարզիկների տպավորիչ ելույթը՝ միջազգային առաջնությունում

ՆԳՆ մարզիկների տպավորիչ ելույթը՝ միջազգային առաջնությունում

142
Տարածել

Այս օրերին Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ընթանում է պարափաուրլիֆթինգի աշխարհի առաջնությունը:

Հայկական հավաքականի անդամ, Ներքին գործերի նախարարության Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի աշխատակիցներ Հարություն Մխիթարյանը եւ Սարգիս Միրիբյանն արդեն ավարտել են ելույթը:

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ՃԿԿ փորձագետ, ծանրամարտի բազմակի մեդալակիր Սարգիսը 72 կգ քաշային կարգում կարգում անթերի բարձրացրեց 95 կգ եւ 100 կգ կշռող ծանրաձողերը, իսկ երրորդ մոտեցումը՝ 106 կգ, ժյուրին չհաշվարկեց՝ տեխնիկական թերության պատճառով: Ընդհանուր 195 կգ արդյունքով նա գրավեց 24-րդ տեղը, իսկ բարձրացրած լավագույն քաշի արդյունքով՝ 33-րդ տեղը։ Խմբային փուլում մարզիկը 7-րդն էր:

Լոռու մարզային փրկարարական վարչության ՃԿԿ փորձագետ, ծանրամարտի եւ բազկամարտի միջազգային մեդալակիր Հարությունը հանդես եկավ C խմբի 65 կգ քաշային կարգում՝ գրավելով 5-րդ հորիզոնականը։ Նա երեք մոտեցումից երկուսը կատարեց վստահ՝ բարձրացնելով 120 եւ 125 կգ ծանրաձողերը։ Ընդհանուր 245 կգ արդյունքով Հարությունը 20-րդ տեղում էր:

Օգոստոսի 28-ին մրցահարթակ դուրս կգա Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի փորձագետ, պարափաուերլիֆթինգի աշխարհի գավաթակիր, Եվրոպայի փոխչեմպիոն Գրետա Վարդանյանը: Մրցմանը կարելի է հետեւել առցանց:

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են մարզիկները