Գլխավոր Վերլուծություն Միջազգային փրկարարական վարժանքի հայ մասնակիցները կատարել են իրենց առջեւ դրված խնդիրները

Միջազգային փրկարարական վարժանքի հայ մասնակիցները կատարել են իրենց առջեւ դրված խնդիրները

707
Տարածել

արերային եւ տեխնածին աղետների կանխարգելում,պատրաստվածություն եւ արձագանքում Արեւելյան գործընկերության երկրներում» (PPRD East 3) ծրագրի շրջանակում, հունիսի 12-16-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվեց «TbiEx2023» տարածաշրջանային լայնածավալ միջազգային վարժանք։ Ծրագիրը ֆինանսավորում է Եվրամիությունը։ Նպատակն է բարձրացնել աղետներին դիմակայունությունը Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում, Ադրբեջանում եւ Ուկրաինայում։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ, փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը։

Եղել են եւ քննարկումներ եւ դաշտային գործնական աշխատանք, որին ներգրավվել են բոլոր փրկարար ուժերն իրենց տեխնիկայով։ Հայաստանի գործնական թիմի հրամանատար, ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Գեւորգ Գալստյանի խոսքով՝ Երեւանի, Գեղարքունիքի եւ Տավուշի մարզի տարբեր ստորաբաժանումներից ընտրվել է 20 ծառայող՝ շտաբային ղեկավար կազմը, հրշեջ-փրկարարներ, քիմիական, կենսաբանական, ճառագայթային եւ միջուկային (ՔԿՃՄ) անվտանգության մասնագետներ։

Ըստ սցենարի՝ երկու տեղամասում լայնամասշտաբ հրդեհ է բռնկվել։ Հրշեջների մեկ մարտական հաշվարկ եւ ՔԿՃՄ խումբը դադարեցրել են այրվող ցիստեռնից արտահոսքը, կատարել վարակազերծման աշխատանքներ եւ փրկել տուժածին։ Անտառային տեղամասում աշխատել է երկու մարտական հաշվարկ, որոնք դժվարանցանելի հատվածը հաղթահարել են ոտքով եւ բացազատելով մոտ 80 մետր փողակ՝ կատարել հրդեհաշիջում։

Հայկական թիմն աշխատել է Մոլդովայի եւ Վրաստանի ջոկատների հետ համատեղ։ «Թե՛ շտաբում, թե՛ բազայում սերտ համագործակցություն էր ստեղծվել։ Մենք հետաքրքրվեցինք մյուսների նորագույն տեխնիկաներով եւ աշխատանքի տարբերություններով։ Բոլորը զարմացել էին անտառային բարդ պայմաններում հատկապես մեր «Ուրալ» մակնիշի մեքենայի դիմացկունությունից»,- հավելեց Գեւորգ Գալստյանը։

Վարժանքն ընթացել է հարթ, հայ փրկարարները կատարել են իրենց առջեւ դրված խնդիրները։ Թիմի հրամանատարի խոսքով՝ մեր փորձառությունը նրանից է, որ հաճախ ենք մասնակցում նման վարժանքների։  Առաջիկայում՝ հոկտեմբերին, Հայաստանը միջազգային փրկարարական լայնամասշտաբ վարժանքի շրջանակում կհյուրընկալի 6 երկիր։

Վրաստանում անցկացված վարժանքին մասնակցել է նաեւ աղետների ռիսկի նվազեցման Սենդայի ործողությունների ծրագրի Հայաստանի ազգային համակարգող, ՆԳՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը: Ըստ նրա, միջազգային փորձի փոխանակման տեսանկյունից, Վրաստանում տեղի ուընեցած վարժանքը կարեւորվում էր այն առումով, որ բնակչության պաշտպանության եվրոպական մեխանիզմը նույնքան կարեւոր է արձագանքման համար, որքան Միավորված ազգերի կազմակերպության մեխանիզմը: Մենք ունենք ՄԱԿ-ի հովանու ներքո գործող «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) արտաքին որակավորում ունեցող քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ թիմ: Վրաստանի վարժանքը մասնակից թիմերին հրդեշիջման կամ որոնողափրկարարական հմտություններ ուսուցանելու նպատակ չուներ: Խնդիրն էր ծանոթացնել Եվրոպական միության բնակչության պաշտպանության մեխանիզմի գործելակարգին եւ համագործակցության եվրոպական ձեւաչափերին: ԵՄ եւ ՄԱԿ ձեւաչափերն ու կարգերը շատ չեն տարբերվում, բայց որոշակի տարբերություններ կան: Մեր տարածաշրջանը քաղաքակրթությունների խաչմերուկ է եւ չափազանց կարեւոր է տիրապետել երկու մեխանիզմներին միաժամանակ: Եվրոպական մեխանիզմի կիրառման ունակությունների զարգացում եւ ինտեգրում INSARAG-ի չափանիշների հետ՝ ահա միջազգային վարժանքի նպատակը: ՄԱԿ-ԵՄ երկխոսությունն արդեն ընթացքում է, որ հնարավոր աղետի ժամանակ մեխանիզմները համակարգված եւ ներդաշնակ գործեն:

Արմինե Հայրապետյանը Հայաստանի մասնակցությունը կարեւորում է նաեւ կրթական հարթությունում: Վարժանքից քաղված դասերը հասանելի եւ հասկանալի կդառնան ՃԿՊԱ-ում վերապատրաստվող փրկարարներին եւ սովորող ուսանողներին: Այս նպատակին կծառայի նաեւ հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք միջազգային վարժանքը, որտեղ ՃԿՊԱ զգալի դեր ունի:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները տրամադրել են փրկարարները