Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները 578 կանչի են արձագանքել

Փրկարարները 578 կանչի են արձագանքել

158
Տարածել

2023 թվականի հունիսի 5-11-ը ժամանակահատվածում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 578 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Անցած շաբաթ գրանցվել է 64 հրդեհ: Այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 23 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 186 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 90-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Նոր նորք, Կենտրոն, Աջափնյակ, Արարատ, Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում, Լոռիում, Կոտայքում, Արմավիրում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում եւ փակ այլ տարածքներում օձ նկատելու վերաբերյալ 103 կանչ է ստացվել: 44 դեպքում փրկարարները հայտնաբերել եւ բռնել են օձերին եւ տեղափոխել անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված մեքենաների վերաբերյալ 8 կանչ է ստացվել: Բոլոր դեպքերում փրկարարները ազատել են  մեքենաները, անվտանգ տարածք է տեղափոխվել 10 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Հակառակորդի հարձակման սպառնալիքի դեպքում տարհանման կազմակերպում», «Աշխատակիցների պաշտպանության կազմակերպումը երկրաշարժի դեպքում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը ատոմակայանի նավթամթերքի պահեստներում եւ ռեզերվուարներում», «Ազատի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը», «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականա­ցումը առեւտրի եւ ժամանցի կենտրոնում», «Ծխապատ գոտուց տուժածի դուրսբերում» եւ այլ թեմաներով դասախոսություններ, ուսումնավարժություններ եւ գործնական պարապմունքներ: