Գլխավոր Նորություններ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ…

ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ…

730
Տարածել

Վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցություն է անցկացրել, որտեղ քննարկվել են «Խոսրովում», Արտավանում և «Նաիրիտում» բռնկված հրդեհների հետևանքների վերացման, նման դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներին առնչվող հարցեր: Այս առումով վարչապետը կարևորել է գերատեսչությունների համակարգված գործունեությունը և նշել, որ անհրաժեշտ է մշակել անտառների, հրդեհավտանգ տարածքների հսկողության մեխանիզմներ: Նա հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ ձևավորել հանձնաժողով, որը կներկայացնի խնդրի լուծման անհրաժեշտ առաջարկություններ:

ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը զեկուցել է, որ քննարկվել են հրդեհների առաջացման հնարավոր պատճառները, և մարդկային ու կլիմակայական գործոնները բացառելու նպատակով կարևորվել է կանխարգելիչ միջոցառումների իրականացումը: «Խոսրովի արգելոցի» պահպանությունն ուժեղացնելու նպատակով նախարարն առաջնահերթ է համարել մուտքի և ելքի ճանապարհների ու արահետների կահավորումը տեսախցիկներով: Նախարարի խոսքով, արգելոցում հրդեհի առաջացման համար նպաստավոր պայմաններ է ստեղծել շոգ կլիման: Նման պայմաններում հողի խոնավությունն ապահովելու նպատակով Դավիթ Տոնոյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը, բնական պայմանների առանձնահատկություններից ելնելով, կուսումնասիրի արգելոցների տարածքում հիդրոհամակարգերի ստեղծման հնարավորությունները, կմշակի համապատասխան միջոցառումներ՝ անտառների և պահպանվող հատուկ տարածքների հրդեհային անվտանգությունը բարձրացնելու նպատակով:

ԱԻ նախարարը զեկուցել է նաև, որ ուսումնասիրվել են «Նաիրիտ» գործարանում վթարի առաջացման հնարավոր պատճառները, վերհանվել են առկա խնդիրները: Դավիթ Տոնոյանը հայտնել է գործարանում ռեզերվուարների հովացման համակարգի բացակայության մասին և կարևորել մնացած թունաքիմիկատների հավաքումն ու ոչնչացումը: Նախարարը տեղեկացրել է, որ խնդրի շուրջ հանդիպումներ է ունեցել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Խնդրի լուծմանը հասնելու համար նախարարն առաջարկել է ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով:

Վարչապետը լսել է առաջարկությունները և համապատասխան գերատեսչություններին տվել հանձնարարականներ, այդ թվում՝ հանրապետությունում հրդեհների բռնկման ռիսկերը նվազագույնի հասցնելու, անտառների կառավարման քաղաքականությունը հստակեցնելու վերաբերյալ: