Գլխավոր Միջոցառումներ ՌՀՄԱԿ-ՀՆՓԱԻԿ համագործակցություն հանուն երեխաների

ՌՀՄԱԿ-ՀՆՓԱԻԿ համագործակցություն հանուն երեխաների

437
Տարածել

Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Գետարգել բնակավայրում գտնվող «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը» (ՌՀՄԱԿ) արդեն երրորդ տարին կազմակերպում է էքսկուրսիոն-ճանաչողական ծրագիր ավագ դպրոցականների համար։ Ծրագիրը ներառում է ծանոթություն կենտրոնի հնարավորություններին, փրկարարների առօրյային ու գույք-սարքավորումներին, փրկարար շներին, իսկ ցանկության դեպքում՝ նաեւ ժայռամագլցում եւ գետնանց։

Կենտրոնի տնօրեն Պավել Գյոզալյանը նշում է՝ իրենք են ընտրում դպրոցները, ներկայացնում առաջարկը։ Արդեն հյուրընկալել են հարյուրավոր դպրոցականների թե՛ Աբովյանի տարածաշրջանի համայնքներից, թե՛ Երեւանից։ Բոլորը ոգեւորությամբ ընդունում են հրավերը, եթե կարողանում են լուծել տրանսպորտի հարցը։

Երեխաներին հատկապես գրավում են ժայռամագլցումն ու կենտրոնի տարածքում տեղակայված ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության «Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի» (ՀՆՓԱԻԿ) կինոլոգիական ջոկատը։ Առաջիկայում կավարտվի ՌՀՄԱԿ մոդուլային վարժահրապարակի շինարարությունը, եւ աշակերտները գործնականում կծանոթանան, թե ինչ արտակարգ իրավիճակներում կարող է հայտնվել մարդը եւ ինչպես փրկվել։

«Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի» հետախույզ-կինոլոգիական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Էդգար Գալոյանի խոսքով՝ երեխաների եւ շների շփումը շատ կարեւոր փորձ է։ Երեխաները կերակրում են, գրկում ու խաղում կենդանիների հետ։ Դա օգնում է շների սոցիալիզացիային։

Գետարգելի հիմնական դպրոցի ավարտական դասարանները վերջերս են եղել կենտրոնում։ Մանկավարժ Գայանե Հովակիմյանը հավելում է՝ իրազեկման առումով այս այցերը շատ արդյունավետ են, ցանկալի է, որ շարունակական լինեն։ Էքսկուրսիայից հետո երեխաները դեռ երկար քննարկումներ են ունենում տարբեր հարցերի շուրջ։ Բացի դրանից՝ բոլորին հպարտությամբ պատմում են, որ իրենց համայնքում նման միջազգային նշանակության կառույց կա։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի