Գլխավոր Վերլուծություն Դասընթացներ, առցանց սեմինարներ. Հոգեբան-փրկարարների մարտի միջոցառումները

Դասընթացներ, առցանց սեմինարներ. Հոգեբան-փրկարարների մարտի միջոցառումները

190
Տարածել

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը մարտ ամսվա ընթացքում մի քանի ուղղությամբ միջոցառումներ է իրականացրել։

Մասնավորապես՝ մարտի 15-31-ը «Ծնողավարության հմտություններ», «Անձնային աճ․ ինքնաճանաչման հմտությունների բացահայտում» եւ «Միջանձնային հարաբերություններ․ կոնֆլիկտների հաղթահարում» թեմաներով առցանց սեմինարներ են անցկացվել ՆԳՆ փրկարար ծառայության Երեւանի եւ մարզային փրկարարական վարչությունների աշխատակիցների եւ նրանց ընտանիքի անդամների հետ՝ 185 հոգի։ Նպատակն էր նպաստել մասնակիցների մտավոր եւ հուզական ներդաշնակ զարգացմանը, հույզերի կարգավորմանը, ներուժի բացահայտմանն ու բարդույթների հաղթահարմանը։ Ծնողներին ներկայացվել են գիտակից եւ ստեղծագործական ծնողավարման արդիական ու կարեւոր թեմաներ, որոնք կօգնեն ծնող-երեխա փոխվստահություն ապահովելուն եւ ընտանիքում երեխայի զարգացման համար ապահով միջավայրի ստեղծելուն։

Մարտի 28-30-ը կայացել է «Հիշողության զարգացման տեխնիկաներ» թեմայով դասընթացի վերջին՝ երրորդ փուլը, որին մասնակցել են արտակարգ իրավիճակների, ներքին գործերի նախարարությունների աշխատակիցներն ու նրանց երեխաները, ինչպես նաեւ այլ քաղաքացիներ՝ 23 հոգի։ Ամրապնդվել են նախորդ փուլերում ձեռք բերած հիշողության մարզման տեխնիկաներն ու մտապահման ունակությունները, տեսական նյութի միջոցով ներկայացվել են իմացական գործընթացների կառուցվածքը, տեսակներն ու գործառույթները։ Մասնակիցները սովորել են մարզել լսողական եւ տեսողական հիշողությունը, իմաստային հիշողության եւ երեւակայության հմտությունները։

Հոգեբանական բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Արեւիկ Երիցյանի խոսքով՝ այս փուլում շեշտը դրվել է ընդհանուր մտածական գործընթացների բարելավման, ուշադրության կենտրոնացման եւ ինքնակարգավորման հմտությունների միջոցով հիշողության ակտիվացման վրա։ «ԿՀԿ-ռեակոր» եւ «Էգոսկոպ» սարքավորումների միջոցով մասնակիցները մարզել են շնչառությունը՝ նպաստելով կոգնիտիվ գործընթացների զարգացմանը։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ