Գլխավոր Վերլուծություն Ստեփանավանի «Լոռէ» փրկարար ջոկատ. 34 տարի՝ անվտանգության ուսուցման գործում

Ստեփանավանի «Լոռէ» փրկարար ջոկատ. 34 տարի՝ անվտանգության ուսուցման գործում

171
Տարածել

Մի խումբ կամավորների նախաձեռնությամբ ստեղծված այս կառույցի կորիզը հանրապետության հետիոտն եւ լեռնային տուրիզմի բազմակի չեմպիոններ էին, տուրիստական եւ լեռնափրկարարական հանրապետական մրցումների մրցանակակիրներ:

Սպիտակի երկրաշարժից հետո ջոկատը վերականգնողական-շինարարական աշխատանքներում օգնում էր Ստեփանավանում տեղակայված գերմանական Կարմիր խաչի մասնագետներին։ Փոխարենը վերջիններս նրանց նվիրեցին իրենց գործիքները։

Այնուհետեւ ստեղծվեց Հայաստանի փրկարարների ասոցիացիան, որի կայացման եւ հետագա աշխատանքներին ակտիվ մասնակցեց նաեւ «Լոռէն»:

Երբ Երեւանում ստեղծվեց առաջին պետական փրկարար կազմավորումը՝ «003», ջոկատի բազայի վրա նույնպես ստեղծվեց առաջին փրկարար կառույցը՝ «Ստեփանավանի 003»-ը: Նորաստեղծ պետական փրկարարական կառույցին ջոկատն օգնեց իր գործիքներով եւ սարքավորումներով, կազմակերպեց դասընթացներ:

«Լոռէն» սերտ համագործակցում էր արտակարգ իրավիճակների վարչության հետ։ Վերջինիս հանձնարարությամբ էլ կազմակերպեց ու անցկացրեց փրկարարների հանրապետական առաջին մրցումները։

Ջոկատը նպաստել է նաեւ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության համակարգում փրկարարական միավորումների ստեղծմանը Երեւանում եւ Գյումրիում:

Բացի դրանից՝ 1998-ին Հայկական կարմիր խաչի ընկերությունը բոլոր մարզերում հավաքագրեց 30 կամավորից կազմված խմբեր, որոնք իրենց մասնագիտական վերապատրաստումն անցան «Լոռէում»։

1991 թվականին հիմնադրվեց նաեւ «Լոռէ» փրկարար ջոկատի ուսումնամեթոդական կենտրոնը, որի նպատակն էր աջակցել բնակչությանը դիմակայել աղետներին:

Այսօր «Լոռէն» Հայկական կարմիր խաչի ընկերության մաս է, համագործակցում է արտակարգ իրավիճակների նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի, Լոռու մարզպետարանի, Ստեփանավանի քաղաքապետարանի եւ այլ կազմակերպությունների հետ:

Վերջին 34 տարում ջոկատը բարեկամական կապեր է հաստատել Գերմանիայի, Շվեդիայի, Ռուսաստանի եւ այլ երկրների փրկարարական կազմակերպությունների հետ: Ջոկատի անդամներից շատերն իրենց մասնագիտական կարգը բարձրացրել են եվրոպական առաջնակարգ ուսումնական հաստատություններում՝ Շվեդիայում, Գերմանիայում, Շվեցարիայում եւ Իտալիայում։

Ջոկատի նյութատեխնիկական բազան եւ մասնագետների հմտությունը հնարավորություն է տալիս կատարել փրկարարական աշխատանքներ փլատակների եւ կիսաքանդ շինությունների վրա հրդեհների ժամանակ, ջրային միջավայրում, լեռնային պայմաններում, տրանսպորտային աղետների ժամանակ: Ստեղծման օրվանից ջոկատն իրականացրել է բազմաթիվ փրկարարական աշխատանքներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս:

Ջոկատի մասնագետների ուժերով մշակվել է բազմատեսակ գրականություն՝ «Փրկարարների ուսումնական ձեռնարկ», «Փրկարարների նորմատիվային ակտերը», ուսուցիչների համար «Աղետ․ աղետների պատմություն» եւ «Առաջին օգնություն» ձեռնարկները, «Տարհանման կազմակերպումը դպրոցներում, գործողություններ հրդեհի ժամանակ  դպրոցում» ուղեցույցը, «Փրկարարի հոգեբանություն» եւ «Աղետների հոգեբանություն» ձեռնարկները, արտակարգ իրավիճակների նվիրված դպրոցական պատկերազարդ ալբոմներ, գրքեր եւ այլն։

«Լոռէի» գործունեության առաջնահերթություններից է նաեւ համայնքներում ռիսկերի եւ կարողությունների գնահատումը, ուսումնական հաստատություններում տարհանման պլանների մշակումը, սեմինարների անցկացումը, ուսումնական ճամբարների կազմակերպումը եւ այլն։

Ջոկատի փորձառու մասնագետները դասավանդում են նաեւ ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայիե Ստեփանավանի ուսումնական բազայում։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ