Գլխավոր Վերլուծություն Աշխարհում ավելի քան մեկ միլիարդ դեռահաս աղջիկ եւ կին թերսնված է

Աշխարհում ավելի քան մեկ միլիարդ դեռահաս աղջիկ եւ կին թերսնված է

157
Տարածել

Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖԸ, հրապարակել է զեկույց, որի համաձայն՝ 2020 թվականից ի վեր համաշխարհային պարենի եւ սնուցման ճգնաժամից ամենաշատը տուժած 12 երկրում սուր թերսնուցում ունեցող հղի եւ կրծքով կերակրող դեռահաս աղջիկների ու կանանց թիվն աճել է 25 տոկոսով՝ 5,5 միլիոնից հասնելով 6,9 միլիոնի:

11 երկիր` Աֆղանստան, Բուրկինա Ֆասո, Չադ, Եթովպիա, Քենիա, Մալի, Նիգեր, Նիգերիա, Սոմալի, Հարավային Սուդան, Սուդան, Եմեն, պարենի համաշխարհային ճգնաժամի էպիկենտրոնն են համարվում: Այս երկրներում իրավիճակը սրվել է ընթացիկ հակամարտությունների, այլ երկրներում շարունակվող երաշտի պատճառով։

Ըստ զեկույցի՝ ավելի քան մեկ միլիարդ դեռահաս աղջիկ եւ կին թերսնված է, այդ թվում՝ թերքաշ եւ ցածրահասակ, հիմնական միկրոէլեմենտների պակաս եւ անեմիա ունեն, ինչը կործանարար հետեւանք կարող է ունենալ նրանց կյանքի եւ բարեկեցության վրա։ Այսօր աշխարհում մինչեւ 2 տարեկան 51 միլիոն երեխա թերաճ է, այսինքն՝ չափազանց ցածրահասակ իր տարիքի համար: Դա տեղի է ունենում առաջին հերթին ապագա մայրերի թերսնման պատճառով: Երեխաների մոտ կեսը թերաճ է դառնում հղիության եւ կյանքի առաջին վեց ամսվա ընթացքում։

2021 թվականին պարենային առումով անապահով կանայք 126 միլիոնով ավելի շատ են եղել, քան տղամարդիկ, իսկ 2019 թվականին՝ 49 միլիոնով ավելի, ինչը կրկնապատկում է գենդերային տարբերությունը պարենային անապահովության հարցում:

ՅՈՒՆԻՍԵՖԸ կոչ է անում կառավարություններին, դոնորներին եւ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին փոխակերպել դեռահաս աղջիկներին եւ կանանց հասանելի պարենային, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության ծառայությունները հետեւյալ կերպ՝

  • Առաջնահերթ հասանելի դարձնել սննդարար, անվտանգ եւ մատչելի սննդամթերքը, կանխարգելել խիստ վերամշակված սննդի օգտագործումը։
  • Հարստացնել կանոնավոր սպառվող սննդամթերքը, օրինակ՝ աղը՝ նվազեցնելով աղջիկների եւ կանանց օրգանիզմում միկրոտարրերի պակասն ու անեմիան:
  • Ստեղծել պարենային ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն ցածր ու միջին եկամուտ ունեցող երկրներում, այդ թվում՝ նախածննդյան տարատեսակ միկրոէլեմենտների հավելումներ տրամադրել ինչպես հղիությունից առաջ, այնպես էլ կրծքով կերակրման ընթացքում:
  • Ընդլայնել սոցիալական պաշտպանության ծրագրերը, այդ թվում՝ տրամադրել հատուկ նպաստ եւ վաուչերներ՝ բարելավելուանհրաժեշտ սննդարար եւ տարատեսակ սննդամթերքի հասանելիությունը առավել խոցելի աղջիկների ու կանանց համար:
  • Արագորեն վերացնել խտրական գենդերային եւ սոցիալական նորմերը, ինչպիսիք են երեխաների ամուսնությունը, սննդի, կենցաղային ռեսուրսների, եկամուտների եւ կենցաղային աշխատանքի անհավասար բաշխումը

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ