Գլխավոր Վերլուծություն Նարինե Գեղամյան. Երեխաներից սովորում եմ ապրել, արարել, առաջ գնալ, սովորեցնում եմ չհանձնվել,...

Նարինե Գեղամյան. Երեխաներից սովորում եմ ապրել, արարել, առաջ գնալ, սովորեցնում եմ չհանձնվել, չկոտրվել

1665
Տարածել

Կարատեի աշխարհի չեմպիոն, միջազգային սպորտի վարպետ, քաղաքային ավագանու անդամ, մանկապարտեզի տնօրեն, իսկ այսօր՝ փրկարար։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երեւանի փրկարարական վարչության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի ավագ հրշեջ, փ/ծ ավագ սերժանտ Նարինե Գեղամյանը կյանքի կտրուկ փոփոխություններն ընդունում է ժպիտով ու լավատեսությամբ։ Եղբայրները փրկարար ծառայող են, ժամանակին միշտ նրանց հետ դեպքի վայր էր գնում։ Մի օր էլ հասկացավ, որ ինքն էլ պետք է դառնա այդ համակարգի մի մասը։

-Նարինե՛, մանկավարժությունից փրկարարություն անցումը քեզ հե՞շտ տրվեց։ Ի՞նչ մասնագիտական խնդիրներ կային սկզբում, ինչպե՞ս հաղթահարեցիր։

-Էությամբ պատասխանատու, խստապահանջ մարդ եմ, հարմարվում եմ ցանկացած ժամային գրաֆիկի։ Միակ խնդիրը, երեւի, շրջազգեստներից ու բարձրակրունկներից հրաժարվելն էր (ժպտում է․- հեղ)։ Շատերն ինձ համազգեստով չէին պատկերացնում։

Ես առաջին կին-փրկարարն էի, որը ծառայության անցավ որպես հրշեջ-փրկարար, ոչ՝ հեռախոսավար։ Առաջին օրվանից կանչերի եմ գնացել։ Առաջին հերթափոխիս ժամանակ մեծ հրդեհ էր Սարի թաղում, միանգամից մի քանի տուն էր այրվում։ Մի ընտանիքի անդամները զոհվել էին, ողջ էր մնացել միայն հայրը։ Նա ինձնից պահանջում էր տարածքից հեռացնել հրշեջ-մեքենան, ես էլ փորձում էի բացատրել, որ փրկարարներն արդեն հրդեհաշիջում են կատարում, նրանց կյանքը վտանգել չենք կարող։ Տղամարդը զայրացած բարձրացրեց ինձ գետնից ու հրեց մի քանի մետր հեռու։ Դրանից հետո հասկացա, որ նման ծանր դեպքերում տան անդամների հետ բախումն անխուսափելի է, պետք է ավելի սթափ ու կարեկից լինել։

Մյուս դժվարություններն անցան ժամանակի ու փորձի ձեռքբերման հետ։ 2015 թվականից համակարգում եմ։

— Եղե՞լ է դեպք, որ ինքդ վտանգի մեջ հայտնվես, վնասվածք ստանաս։

-Թեթեւ վնասվածքներ եղել են, մեկ անգամ նույնիսկ հոսանքահարվել եմ։ Բայց դա քո ընտրությունն է, դու գիտակցում ես՝ ուր ես գնում, պետք է զգույշ լինես։ Հոգեբանական ճնշվածություն եմ զգում հատկապես երիտասարդների մահվան ելքով վթարների ժամանակ։ Պատահել է նաեւ, որ տուժածը եղել է իմ հարազատը։ Բայց գործը մնում է գործ ցանկացած պարագայում։

-Ի՞նչն է քեզ ամենաշատը գրավում այս աշխատանքում։

— Մարդկանց օգնելը։ Քույրս ու մայրս բուժաշխատողներ են, առաջին բուժօգնությունն ինձ համար մասնագիտություն է։ Հիշում եմ՝ աղջկաս մեկամյակը դեռ նոր էր լրացել, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Ես դադարեցրի երեխայի խնամքի արձակուրդն ու վերադարձա աշխատանքի։ Զավակս ողջ-առողջ էր, իսկ ես կարող էի պիտանի լինել, թեկուզ՝ մարդասիրական որեւէ աշխատանք անելով։

-Երկար տարիներ մանկավարժ ես աշխատել, նաեւ մայրիկ ես։ Երեխաների հետ կապվածությունդ դեպքերի ժամանակ չի՞ խանգարում։

-Այդպես է։ Անձնակազմս լավ գիտի՝ ինչ զգացողություն եմ ունենում, երբ փակ դռան կանչ ենք ստանում, եւ ներսում երեխա է լինում։ Վայրկյանների ընթացքում պատրաստվում ենք ու շտապում դեպքի վայր։ Եթե կարիք է լինում դուռը բացելու, առաջինը ես եմ ներս մտնում։ Հնարավոր է՝ երեխան քնած լինի, իսկ դիմացը կին տեսնելով՝ չի վախենա։

Երեխաների հետ իմ կապն ուրիշ է։ Նրանցից սովորում եմ ապրել, արարել, առաջ գնալ։ Փոխարենը սովորեցնում եմ չհանձնվել, չկոտրվել։ Այս դարաշրջանում, երբ շուրջդ ինչ ասես կատարվում է, պետք է ուժեղ լինես։ Այդ առումով դուստրս ինձնից ուժեղ է, ինքնուրույն, մեծ ձգտումներ ունի։

-Սպորտը կյանքիդ անբաժան մասն է։ Սպորտով մեծ կարիերա ստեղծել հնարավոր չէ՞ր։

-Համարում եմ, որ սպորտում բավականաչափ կայացել եմ։ Կարատե մարզաձեւում սեւ գոտի երրորդ դան ունեմ, միջազգային սպորտի վարպետի կոչումս անձամբ Հիտոշի Կասույան է շնորհել (Հիտոշի Կասույան «Շոկոտան Կարատե-դոյի համաշխարհային ֆեդերացիայի» ավագ մարզիչ է, 9-րդ դան): Երկար տարիներ կարատեի խմբակներ եմ ունեցել, մասնակցել մրցաշարերի։ Բայց մի պահից այլեւս հնարավոր չէր ընտանիքը, աշխատանքն ու մարզչական գործունեությունը համատեղելը։

 -Իսկ փրկարար ծառայությունում, որտեղ տղամարդիկ գերակշռում են, կնոջ համար մասնագիտական առաջընթացի հեռանկարներ կա՞ն։

-Կարծում եմ՝ գենդերային խնդիրն այսօր քիչ թե շատ լուծված է։ Տարիներ առաջ, երբ ես Աբովյան քաղաքի ավագանու անդամի թեկնածություն էի դնում, ոչ ոք չէր հավատում, որ կինը կարող է քաղաքական պաշտոն զբաղեցնել։ Կյանքը հակառակը ցույց տվեց։ Եթե կարողանում ես քեզ, քո աշխատանքը ճիշտ ներկայացնել եւ ամենակարեւորը՝ աշխատել, բնավ կապ չունի սեռը։ Փրկարար ծառայության համակարգում ես երբեք խտրականության չեմ հանդիպել, ինձ վերաբերվում են հավասարի պես։

Կրթությունս թույլ է տալիս՝ ավելի մասնագիտանալու, առաջ գնալու, բայց այս պահին կարիերայի մասին չեմ մտածում։ Ուզում եմ փոքրիկիս ժամանակ տրամադրել։

-Հնարավո՞ր է համազգեստ կրել ու մնալ կանացի։ Ո՞վ է Նարինե Գեղամյանը համազգեստից դուրս։

-Կանացի ու խնամված պետք է լինել ցանկացած իրավիճակում։ Ես, օրինակ, մարտական համազգեստիս համահունչ ականջօղեր եմ կրում, շպարվում՝ ըստ անհրաժեշտության։

Փրկարարի աշխատանքից դուրս զբաղվում եմ գիտական գործունեությամբ, ապրում ակտիվ կյանքով։ Չեմ սիրում մենություն, ընկերներս միշտ կողքիս են։

-Որպես նախկին քաղաքական գործիչ՝ ի՞նչ խորհուրդ կտաս այն մարդկանց, որոնք մասնագետ են, բայց կառավարման ոլորտում իրենց չեն պատկերացնում։

-Նախեւառաջ պետք է մեծ ձգտում ունենալ։ Եթե գտնում ես, որ կարող ես տվյալ աշխատանքն անել՝ լինի նախագահի թե կազմակերպության ղեկավարի պաշտոն, ուրեմն չպետք է վախենալ։ Մեր երկրի խնդիրների պատճառն այն է, որ շատերը չեն կարողանում իրենց աշխատանքը լիարժեք կատարել։ Թերություններն ակնհայտ են՝ մանկապարտեզից մինչեւ բանակ։

Տարիներ առաջ Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հետ մի միջոցառում կազմակերպեցինք։ Ըստ սցենարի, ես՝ մանկապարտեզի տնօրենս, ի նշան գովասանքի, տորթ եմ նվիրում երեխաներին։ Հանկարծ մոմն ընկնում է գետնին, հրդեհ է բռնկվում, դաստիարակները վնասվածք են ստանում։ Նույնիսկ ծխապատ գոտի էինք ստեղծել, որ ամեն ինչ իրական թվա։ Միջին խմբի չորս տարեկան երեխաները վազեցին տնօրենի սենյակ, զանգեցին փրկարար ծառայություն, շտապօգնություն եւ ոստիկանություն։ Նրանք անգամ գիտեին, որ մեծածավալ արտակարգ իրավիճակի դեպքում առաջինը պետք է 911 զանգահարել, քանի որ փրկարարական հերթափոխն ավելի մեծ է, ուրեմն մեծ թվով մարդկանց է հնարավոր փրկել։

Այդ երեխաները նույնիսկ չիմացան, որ մենք նախապես պայմանավորվել էինք արձագանքող ուժերի հետ, եւ իրենց աշխատանքը կատարեցին գերազանց։ Խստությունը, գիտելիքը, աշխատասիրությունն օգնում են մարդուն ավելի ուժեղ լինել։

-Պատերազմից հետո մեր կյանքում շատ բան է փոխվել։ Ի՞նչ է մեզ անհրաժեշտ ոտքի կանգնելու, միասնական լինելու համար։

-Իհարկե, դժվար է լինելու։ Պարտության հոգեբանական ճնշվածությունը երկար տարիներ իրեն զգացնել է տալու։ Ամեն մեկը պետք է սիրով կատարի իր աշխատանքը, ամեն արժեք չհասցնի նյութական մակարդակի։ Ես հավատում եմ, որ մենք անպարտելի ենք, ու դեռ գալու է ծաղկուն շրջան։

Շատ երկրներ կերազեն Հայաստանի բնությունն ու մարդկային շփումն ունենալ։ Վերջերս իմացա, որ Հայաստանն անվտանգության առումով աշխարհի երկրների ցանկում յոթերորդն է։ Միթե՞ ոգեւորվելու, հպարտանալու առիթ չէ։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Նարինե Գեղամյանը