Գլխավոր Վերլուծություն ՄԱԿ ԱՌՆ գրասենյակ. Ներդրումները պետք է լինեն ռիսկի գիտակցմամբ

ՄԱԿ ԱՌՆ գրասենյակ. Ներդրումները պետք է լինեն ռիսկի գիտակցմամբ

3160
Տարածել

Միավորված ազգերի կազմակերպության աղետների ռիսկի նվազեցման գրասենյակը հրապարակել է «Ռիսկի գիտակցմամբ ներդրումներ. խոչընդոտների վերացում» զեկույց, որում ներկայացնում է ութ քայլ, որոնք կարող են նպաստել ռիսկի գիտակցմամբ (ռիսկի վրա հիմնված) ներդրումները խթանելուն եւ նվազեցնել աղետների ռիսկը:

Զեկույցն արձանագրում է, որ 21-րդ դարում գերիշխելու են «լայնածավալ, դինամիկ, ոչ դասական ռիսկերը», որոնք պահանջելու են ավելի շատ ներդրումներ: Թեեւ կլիմայի փոփոխության հետ կապված ռիսկերն ու դրանց գնահատումը արդեն դարձել են ֆինանսական որոշումների բաղադրիչ, սակայն դեռ կան ռիսկեր, որոնք դուրս են մնում ֆինանսական որոշումների կայացման տիրույթից:

Ըստ ՄԱԿ-ի փորձագետների, ավելի քան 300 պոտենցիալ վտանգ՝ բնապահպանական, տեխնոլոգիական, կենսաբանական, քիմիական, աշխարհաքաղաքական եւ այլն, կարող են էապես եւ բասացաբար ազդել համաշխարհային ֆինանսական ծառայությունների որակի վրա: COVID-19 համաշխարհային համաճարակը ցույց տվեց, թե ինչպես մեկ վտանգը կարող է ազդել ողջ մոլորակի տնտեսության եւ հասարակության վրա:

«COVID-19-ը դասագրքային օրինակն է, թե ինչպես ռիսկերը կարող են շղթայական տարածվել բոլոր տարածաշրջաններում ու համայնքներում: Այս համաճարակը նաեւ եզակի հնարավորություն է, որ կառավարությունները հստակ պահաջներ սահմանեն՝ պետական եւ մասնավոր ներդրումային ծրագրերում, տնտեսական վերականգնման բյուջեներ պլանավորելիս որդեգրել բազմավտանգ գնահատման մոտեցում: Փորձագետները կարծում են, որ նման մոտեցումը լայն տարածում չունի չորս պատճառով. ռիսկերի ոչ լիարժեք ըմբռնում, ԱՌՆ ոլորտում ներդրումների արդյունավետության ապացույցների սղություն, սահմանափակ վերահսկողություն, ԱՌՆ ոլորտում ներդրումների հարցում կարճ հիշողություն: Այս չորս գործոնի ներառմամբ ներդրումները կարող են շոշափելի փոփոխություններ բերել»,- նշում են ՄԱԿ-ի փորձագետները: Ահա ՄԱԿ-ի փորձագետների առաջարկած ութ քայլը.

· ռիսկերն ու վտանգները գնահատելու համար մատչելի դարձնել տեղեկատվական բազաները

· մշակել ներդրումների ծախս-օգուտ հարաբերակցության արդյունավետությունն ապացուցող մեթոդաբանություն եւ ուղեցույցներ

· ԱՌՆ ոլորտում ներդրումների արդարացվածությունն ապացուցող տեղեկատվական նյութերը ներկայացնել բոլորին հասկանալի բառապաշարով

· մշակել ուղեցույց, որի օգնությամբ ընկերությունները կկարողանան ռիսկերը գնահատելու եւ բացահայտելու գործողությունները ներառել իրենց աշխատանքային տարեկան պլաններում

· բացահայտել ռիսկերի գիտակցմամբ (ռիսկի վրա հիմնված) ներդրումների խոչընդոտները

· կատարելագործել վերահսկողական մեխանիզմները

· լայնորեն լուսաբանել դիմակայունության բարձրացման եւ աղետների ռիսկի նվազեցման ոլորտում ներդրումների հաջողված պատմությունները

· Աջակցել ներդրումների որոշումներում ռիսկերի գնահատումը ներառելու անհրաժեշտության ընկալմանը

Պատահական չէ, որ ռիսկի գիտակցմամբ (ռիսկի վրա հիմնված) ներդրումները կարեւորվել են աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թվականների գործողությունների ծրագրում եւ «Կայուն զարգացման 2030 օրակարգում»:

Լուսանկարը տարածել է ՄԱԿ-ի աղեռների ռիսկի նվազեցման գրասենյակը