Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները 376 կանչի են արձագանքել

Փրկարարները 376 կանչի են արձագանքել

185
Տարածել

2023 թվականի հունվարի 16-22-ը ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 376 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Անցած շաբաթ գրանցվել է 106 հրդեհ: Այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 28 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 124 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 80-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Դավթաշեն, Աջափնյակ, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Կենտրոն, վարչական շրջաններում, Լոռիում, Արարատում, Կոտայքում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված մեքենաների վերաբերյալ 4 կանչ է ստացվել: Բոլոր դեպքերում փրկարարները ազատել են  մեքենաները, անվտանգ տարածք է տեղափոխվել 6 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը ՀԱԷԿ-ի հարակից տարածքի փայտամշակման արտադրամասում»,«Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ եւ գործնական պարապմունքներ: