Գլխավոր Վերլուծություն Հայաստանի ներկայացուցիչն ընտրվել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Արդյունաբերական վթարների կոնվենցիայի բյուրոյի...

Հայաստանի ներկայացուցիչն ընտրվել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Արդյունաբերական վթարների կոնվենցիայի բյուրոյի անդամ

343
Տարածել

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում կայացել է Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Արդյունաբերական վթարների անդրսահմանային ազդեցության մասին» կոնվենցիային անդամակցող երկրների 12-րդ հոբելյանական համաժողովը, որում Հայաստանը ներկայացված է եղել արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Համբարյանի ղեկավարությամբ եւ աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թվականների գործողությունների ծրագրի Հայաստանի ազգային համակարգող, ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» պրոռեկտոր, փ/ծ փոխգնդապետ Արմինե Հայրապետյանի մասնակցությամբ: Կոնվենցիան ընդունվել է դեռեւս 30 տարի առաջ՝ 1992 թվականին, Հայաստանը կոնվենցիային միացել է 1993 թվականի մայիսին:

Սենդայի գործողությունների ծրագրի իրականացման առումով «Արդյունաբերական վթարների անդրսահմանային ազդեցության մասին» կոնվենցիան հանդիսանում է տարածաշրջանային համագործակցության կարեւորագույն հարթակ՝ հնարավորություն ընձեռելով անդամ պետություններին պարբերաբար գնահատել տեխնածին եւ արդյունաբերական աղետների նկատմամբ իրենց դիմակայունության աստիճանը, մասնակցել ոլորտում տարածաշրջանային զարգացումներին:

Արմինե Հայրապետյանի խոսքով, մեր անդամակցությունը հնարավորություն է օգտվել կոնվենցիայի շրջանակում ձեւավորված փորձագիտական հարուստ ռեսուրսից, կազմակերպել ոլորտին առնչվող կոնֆերանսներ, գիտաժողովներ, կարիքների գնահատման ծրագրեր, ներգրավել միջոցներ հրատապ լուծում պահանջող կանխարգելման աշխատանքների համար:

Հայաստանի մասնակցությունն այս կոնվենցիային կարեւորվում է հատկապես բազմաթիվ տարերային աղետների հակվածությամբ, որոնք կարող են նաեւ պատճառ դառնալ աննպաստ գոտիներում գտնվող օբյեկտների տեխնածին վթարների համար։ Նման երեւույթները վերջին տարիներին առավել մեծ ուշադրության առարկա են դարձել՝ անվանվելով բնատեխնածին աղետներ, որոնք նույնպես գտնվում են կոնվենցիայի ազդեցության շրջանակում:

Ժնեւում անցկացված հիշյալ համաժողովի ընթացքում ընտրվել է «Արդյունաբերական վթարների անդրսահմանային ազդեցության մասին» կոնվենցիայի բյուրոն՝ 2 տարի ժամկետով: Հայաստանի ներկայացուցիչ Արմինե Հայրապետյանը դարձել է բյուրոյի անդամ՝ մինչեւ 2024 թվականի ավարտը: Սա լրացուցիչ հնարավորություն է կոնվենցիայի անդամ պետությունների կուտակած փորձն ու գիտելիքներն օգտագործել Հայաստանի կարողությունները զարգացնելու ուղղությամբ: Այս մասին երկկողմ հանդիպման ժամանակ խոսել է նաեւ ՄԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարի տեղակալ Դմիտրի Մարիյասինը: Ըստ նրա, առկա են բոլոր հնարավորությունները Հայաստանի ակտիվ ներգրավման համար, որոնք միայն նպաստավոր կլինեն աղետների ռիսկի նվազեցման տեսանկյունից։

Արմինե Հայրապետյանը կարծում է, որ միջազգային նման հարաբերություններում մենք ե՛ւ սովորում ենք ե՛ւ սովորեցնում, իսկ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» կրթական եւ վերապատրաստման այն ծրագրերում, որոնք վերաբերում են աղետների ռիսկի կառավարման ոլորտում միջազգային հարթակների գործունեությունը, կարող են օգտագործվել «Արդյունաբերական վթարների անդրսահմանային ազդեցության մասին» կոնվենցիայի շրջանակում ձեւավորված տեղեկությունները, փորձը, գիտելիքը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը տրամադրել է Արմինե Հայրապետյանը