Գլխավոր Վերլուծություն Քարի հիշողությունը․ ինչպե՞ս ստեղծվեց երկրաշարժին նվիրված հուշարձանը Գյումրիում (լուսանկարներ)

Քարի հիշողությունը․ ինչպե՞ս ստեղծվեց երկրաշարժին նվիրված հուշարձանը Գյումրիում (լուսանկարներ)

289
Տարածել

2008 թվականին՝ Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցի օրը, Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղադրվեց «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշարձանը, որը քանդակել է բազմավաստակ Ֆրիդ Սողոյանը երկու որդիների՝ Վահեի ու Միքայելի հետ։

Մանրամասները բացահայտում է Վահե Սողոյանը։

-Ինչպե՞ս առաջարկ ստացաք կառուցել երկրաշարժի զոհերին նվիրված հուշարձան:

-2006 թվականին հայրիկն իր 70-ամյակի կապակցությամբ Մոսկվայում հոբելյանական ցուցահանդես ուներ, որում ներկայացված էր նաեւ այս հուշարձանի էսքիզը։ Ցուցահանդեսին ներկա էր քաղաքական գործիչ Նիկոլայ Ռիժկովը, որը Սպիտակի երկրաշարժից հետո զբաղվել էր աղետի գոտում տարբեր կազմակերպչական աշխատանքներով։ Նա այնքան էր ոգեւորվել, որ առաջարկեց աղետի 20-րդ տարելիցին նման հուշարձան կանգնեցնել Հայաստանում։

Ստեղծվեց հոգաբարձուների խորհուրդ, որի կազմում էին անձամբ Ռիժկովը, Մոսկվայի առաջադեմ հայերը՝ ԽՍՀՄ վաստակավոր մարզիկ Նիկիտա Սիմոնյանը, Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսը, պետական գործիչ, երկրաբան Գրիգորի Գաբրիելյանցը եւ ուրիշներ։ Ֆինանսական միջոցներ գտնվեցին, եւ մենք սկսեցինք քանդակման աշխատանքները Մոսկվայի գեղարվեստա-արտադրական կոմբինատում։ Այստեղ էլ հուշարձանը բրոնզապատվեց եւ Ռուսաստանի ռազմական օդանավով տեղափոխվեց Գյումրի։ Բացումը եղավ 2008 թվականին, ներկա էին Հայաստանի նախագահը եւ օտարերկրյա բազմաթիվ հյուրեր։

-Հետաքրքիր է՝ տեղանքի ընտրությունն ինչպես է կատարվել։

-Հայրիկն էր առաջարկել այն ժամանակվա քաղաքապետին, որի հետ մտերիմ էր։ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին դեռ կիսավեր վիճակում էր, ավելի ուշ վերանորոգվեց։

-Էսքիզը, քանդակի վերածվելով, սովորաբար որոշակի փոփոխություններ է կրում։ Ի՞նչ է փոխվել նախնական տարբերակում, ի՞նչ խորհուրդ ունի հուշարձանը։

-Ասեմ, որ հայրիկը երկրաշարժի հաջորդ օրն արդեն Հայաստանում էր։ Մոսկվայից ինքնաթիռով եկել էր Երեւան, այնտեղից էլ մեքենայով՝ Լենինական։ Մինչեւ Լենինական բավական երկար ճանապարհ ոտքով էր անցել։ Մեր ընտանիքից 23 զոհ ունեինք՝ հեռու ու մոտիկ բարեկամներ։ Երկրաշարժի թեման միշտ ծանր է եղել իմ ու հայրիկի համար, որովհետեւ մենք ծնվել, ապրել ենք տուժած քաղաքում:

Ի սկզբանե քանդակը բուրգի տեսք ուներ․ ամենաներքեւում փլատակ է, որից զինվորը, բանվորը, հրշեջը, փրկարար շունը եւ մյուսները դուրս են բերում տուժածին։ Ամենավերեւում փրկված մայր Հայաստանն է։

Եթե խորությամբ վերլուծենք, Հայաստանը երբեք չէր կարող մենակ հաղթահարել այս աղետը․ հազարավորներն օգնության եկան ողջ Խորհրդային միությունից եւ արտերկրից։ Հուշարձանը խորհրդանշում է միասնությամբ ուժեղ լինելը։

-Քանդակի կերպարներն ունե՞ն նախատիպ։

— Այո՛, իրական ենք միայն ես ու հայրիկը։ Նա ինձ է քանդակել, ես՝ նրան։

— Բոլոր կերպարները խրոխտ, նույնիսկ՝ ցասումով լի հայացք ունեն, հատկապես՝ Մայր Հայաստանը, որը գրկել է երեխային։ Դիմագծերի սրությունը հատու՞կ է արված։

-Երկրաշարժի թեման է սուր, այլ կերպ հնարավոր չէր պատկերացնել։ Ինչ վերաբերում է Մայր Հայաստանին, ապա հայրիկս նրան քանդակել է մորս դեմքով, ինչպես իր կյանքում ստեղծած բոլոր կանանց արձանները։ Մորս մահից հետո նա այդպես էլ չամուսնացավ եւ ամբողջ կյանքում չմոռացավ նրան։

Ի դեպ, երեխան գրկած կնոջ նմանատիպ հուշարձան բացվել է Վաշինգտոնում 1991 թվականին։ Այն հայրիկի ու Հայաստանի նվերն էր ամերիկացիներին՝ Սպիտակի երկրաշարժից հետո ցուցաբերած օգնության համար։ Քանդակն արվել էր Մոսկվայում, ապա տեղադրվել Վաշինգտոնի Կարմիր խաչի միջազգային ընկերության գրասենյակի դիմաց։ Այդ ժամանակ նախագահը Ջորջ Բուշ ավագն էր, որն ընդունեց հայրիկին։ Նա առաջին հայ քանդակագործն էր, որին նախագահն անձամբ պատվեց Սպիտակ տանը։

-Վահե՛, վերջերս ընտանիքով շրջում էիք Հայաստանում։ Գյումրի այցելելիս ի՞նչ զգացողություններ եք ունենում։

-Գյումրիում մայրիկիս գերեզմանն է, Գյումրիում մանկությունս է։ Այս պահին շինարարական աշխատանքներ են գնում Ֆրիդ Սողոյանի անվան հուշատուն-ցուցասրահում, որը, հավանաբար, մեկ-երկու տարուց կավարտենք։ Հայրիկի մահից հետո մեզ տարածք տվեցին, երկու սրահ բացեցինք ժամանակավոր ցուցադրությամբ՝ մոտ 40 աշխատանք։ Բայց սա հայրիկի ողջ ժառանգությունը չէ։

-Կա՞ն երկրաշարժի հետ կապված այլ էսքիզներ, հուշեր եւ հուշագրություններ, որոնք թողել է Ֆրիդ Սողոյանը։

-Այո՛, շատ կան։ Ես դրանք բոլորը տեղափոխելու եմ Հայաստան։ Կարծում եմ՝ հզոր թանգարան ենք ունենալու։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Վահե Սողոյանը