Գլխավոր Վերլուծություն «Կնոջ սիրտը պետք է գերել ամեն ինչով»․ փրկարար-պոետի նոր գրքերը՝ ընթերցողի սեղանին

«Կնոջ սիրտը պետք է գերել ամեն ինչով»․ փրկարար-պոետի նոր գրքերը՝ ընթերցողի սեղանին

278
Տարածել

Լույս են տեսել փրկարար ծառայության փոխգնդապետ, բանաստեղծ Հայկազ Քոթանջյանի՝ ՀայՔ-ի «Ինքնազրույց» եւ «Գրչամարտ» ժողովածուները, որոնք ներառում են արվեստագետի խոհափիլիսոփայական, հայրենասիրական, սիրային եւ այլ ստեղծագործություններ։

-Պարո՛ն Քոթանջյան, վերջին երեք տարում երկու մեծ աղետ տեսանք՝ համավարակ, պատերազմ։ Ձեր նոր գրքերում խտացված զգացմունքներ են ու գոյաբանական մտորումներ։ Այս ամենին զուգահեռ՝ փոխվե՞լ է Ձեր ձեռագիրը։

— Կյանքը զարգանում է իր թե՛ դրական, թե՛ բացասական օրենքներով։ Կորոնավիրուսը ցնցում էր, որը մտավ մեր կյանք ու կենցաղ, փոխեց մեր մտածելակերպն ու պատկերացումները ոչ միայն առողջական վիճակի վերաբերյալ։ Պատերազմը դրանից ավելին էր։ Նման իրավիճակներում տրամաբանող մարդն ակամա սկսում է ինքն իրեն հարց տալ՝ սա ի՞նչ փորձություն է։ Ես այս պատասխանն եմ գտել՝ երկրագնդի վրա կարեւոր չէ ոչինչ՝ մաշկի գույնը, աշխարհագրական դիրքը, կուսակցական պատկանելիությունը, ազգային մշակույթը, հավատը, նույնիսկ՝ Աստծո անունը։ Կարեւորը համամարդկային գաղափարներ ունենալն է։ Մենք բոլորս ստիպված մեկուսացման ենթարկվեցինք, բայց այդ ալիքը հաղթահարեցինք միասին։

Ձեռագրումս առանձնապես բան չի փոխվել, կյանքի որոշ կողմնորոշիչներ ավելի հստակ են դարձել։ Ամեն ինչում պետք է մարդ մնալ։ Իմ գործերում էլ այս սկզբունքը կա։ Ես ազգասեր եմ, բայց ոչ՝ ազգայնամոլ։ Իմ կարծիքով՝ մեկ անհատով, մեկ ազգով հնարավոր չէ երջանիկ ապրել։

Մի միտք եք արտահայտել, որ չես կարող աշխարհը փոխել բաց սրտով ու զգացմունքայնությամբ։ Ընդհանրապես հնարավո՞ր է աշխարհը փոխել քո էությամբ, քո տեսակով։

— Ես ինքս միշտ բաց եմ ընթերցողի համար, հաճախ նշում եմ, որ միայն բարությամբ աշխարհընկալում չի կարող ձեւավորվել։ Մարդ պետք է ինքնապաշտպանական փշեր ունենա, ինչպես վարդը, որն առանց փշի դառնալու է արածող կենդանու սիրելի բույսը։ Կցանկանայի հավատալ համամարդկային սիրուն ու բարությանը, բայց հասկանում եմ, որ դա ուտոպիա է, քանի որ մարդն իր էությամբ թերի է։ Մեզ ի վերուստ տրված է տրամաբանելու ու զգալու ունակություն, բայց մենք զենք ենք ստեղծում։ Ճիշտ է՝ առաջին զենքը որսի համար էր, բայց հետո մենք այդ զենքն օգտագործեցինք իրարից նույն որսի կտորը խլելու համար։ Մարդը ներքուստ գազան է․ եթե կարողանանք մեր էությունից վեր բարձրանալ, հնարավոր է, որ աշխարհը դառնա ավելի գեղեցիկ։

-«Հավատը պետք է, որ մենք մարդ մնանք»։ Անկայուն այս աշխարհում հավատի տեղ մնացե՞լ է։

-Հավատ միշտ պետք է՝ անկախ կրոնից։ Կրոնները բաժանում են ազգերի մոտեցումները։ Ամեն մեկս մի ձեւով են ընդառաջ գնում Արարչին, եւ վատը հենց դա է, քանի որ ուղղությունը նույնն է, ուղիները՝ տարբեր։ Իսկ ով քեզնից տարբեր է, գիտակցական թե ենթագիտակցական մակարդակում դառնում է օտար, թշնամի։

Իմ կարծիքով՝ ժողովուրդներն իրար դեմ ո՛չ կրոնի, ո՛չ տարածքի խնդիր չունեն։ Դա միայն քաղաքական գործիչների ամբիցիաներն են, որոնք չեն ուզում իրենց դիրքը կորցնել։ Եթե ավելի խորանանք դեպի մեր արմատները, կտեսնենք, որ Աստծո հանդեպ վախն ու սերն են փրկել մարդկությունը։

-Ձեր տողերում նշել եք, որ գտել եք ներդաշնակություն, «չարի ու բարու, լավի ու վատի համերաշխություն»։ Ինչպես՞ է հնարավոր հասնել այդ իմաստությանը։

Մարդը, իդեալի հետեւից ընկած, մի օր գալիս-կանգնում է պատի առաջ։ Այդ ժամանակ է հասկանում, որ իդեալը երեւակայության դաշտում է, երեւակայության արգասիքը։ Սկսում է փնտրել ներդաշնակություն բնության մեջ։ Մենք ունենք եղանակների հերթափոխ, գիշեր ու ցերեկ եւ այդ ամենին համակերպվել ենք միլիարդավոր տարիներ։ Պետք է սովորել համակերպվել իրականությանը, կրել ու վայելել այն, ինչ ունես։ Հիմարություն է մերժել ու չապրել կյանքն՝ այն հույսով, որ մի օր կգա ավելի լավը։ Ով չի կարողանում ընդունել ծնունդ-կյանք-մահ փակ շղթան, առաջին հերթին իրեն կվնասի իր մտքերով։

-Մի հետաքրքիր միտք գրավեց «Խելքն ու՞մ է պետք այն խանգարում է»։ Հայտնի փաստ է, որ սեփական տեսակետ չունեցող մարդը դառնում է ամբոխի մաս։ Ի՞նչ կասեք հայ իրականության մասին։

-Այդ բանաստեղծությունը քննադատություն-սատիրա է այն մասին, թե ինչպես է խելացի մարդը քարկոծվում։ Երբ փորձում ես շրջապատի թույլատրելի սահմանից դուրս կամ բարձր լինել, քեզ «խարույկի վրա են կանգնեցնում»՝ փոխաբերական ու պատմական իմաստով։ Այս առումով նույնիսկ ամենախելացի մարդն իր արտառոց խելքը պետք է ճիշտ օգտագործի՝ հաշվի առնելով մշտապես գոյություն ունեցող մարդկային նախանձը։

Միանշանակ խելքը պետք է։ Լինում է, որ ազգերին իշխում է գորշ, ոչ գրագետ մասսան, բայց, ի վերջո, դեպի լույս տանում են խելացիները։

-«Գրչամարտ»-ում մեծ տեղ է հատկացված սիրային պոեզիային։ Հնարավո՞ր է այսօր կնոջ սիրտը գերել գրչով։

— Կնոջ սիրտը պետք է գերել ամեն ինչով։ Ի՞նչ է գրիչը՝ մարդու միտքը, խոսքը։ Գրիչը տալիս է տեսնելով լսելու հնարավորություն։ Գրչով կարողանում ես գեղեցիկ փաթեթավորել ու մատուցել իրականությունը։ Բայց դա քիչ է․ պետք է գիրդ համեմես նրբությամբ, սիրո անկեղծությամբ։ Այդ դեպքում գուցե հաջողես։

— «Դու կաս․․․ հավատա՛, դա լրիվ բավ է»։ Մենք, կարծես, մոռացել ենք՝ ինչ է նշանակում շնորհակալ լինել։ Ըստ Ձեզ՝ ի՞նչն է խանգարում ժամանակակից մարդուն սիրել անմնացորդ, լինել շնորհակալ։

-Խոսեցինք ներդաշնակությունից, իսկ դրան հասնելու համար պետք է ուղի անցնել՝ կորուստ, ձեռբքերում, ձեռքբերածիդ արժեւորում ու պահպանում։ Այս ամենի միջով մարդը հասնում է նոր գիտակցական մակարդակի ու գնահատում դիմացինի գոյությունը։ Շնորհակալ լինելը բարդ ու բոլորին ոչ հասու հասկացություն է։ Նախ դու պետք է գնահատելու շնորհն ունենաս։ Շնորհակալ պետք է լինել բոլորից, նույնիսկ՝ այն մարդկանցից, որոնք իրենց բացասական ազդեցությամբ կոփել են քեզ։ Եվ իհարկե՝ ճակատագրից, որը քեզ տվել է տարբեր մարդկանց հանդիպելու հնարավորություն։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Հայկազ Քոթանջյանը