Գլխավոր Վերլուծություն Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

845
Տարածել

2016 թվականի հուլիսին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հավատարմագրման եւ լիցենզավորման գործակալությունում գրանցված էր 18 080 արտադրական վտանգավոր օբյեկտ` ԱՎՕ, իսկ այս տարվա՝ 2018-ի հունիսին՝ 19 156: 2016 թվականի հուլիսից մինչ օրս արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է մոտ 6 տոկոսով:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտներ են որակվում ոսկու, քարի, ավազի հանքավայրերն ու մշակման արտադրամասերը, բենզալցակայանները, գազալցակայանները, պայթուցիկ նյութերի պահեստները, շինարարական եւ ավտոկռունկները, ճնշման տակ աշխատող սարքերը, քիմիական անալիզի լաբորատորիաները, պոչամբարները, ջրամբարները, կաթսայատները, շարժասանդուղքները, վերելակները, կարուսելները:

Գրանցված ԱՎՕ-ների մեջ կան չաշխատող, գործունեությունը դադարեցրած, սառեցված օբյեկտներ: Շինարարական կամ որոշ ավտոկռունկներ էլ հին են եւ դարձել են մետաղի ջարդոն: Արտադրական վտանգավոր օբյեկտների մոտ 70 տոկոսը վերելակներն են: Բազմաթիվ ընկերություններում կան մեկից ավելի ԱՎՕ-ներ. «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»՝ 36, «Հատուկ ցեմենտ»՝ 18, «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկություն»՝ 15, «Ավանի աղի կոմբինատ»՝ 10  «Արարատցեմենտ»՝ 6 եւ այլն: