Գլխավոր Վերլուծություն Կստեղծվի ԱԱԲԹ փորձի փոխանակման առցանց հարթակ

Կստեղծվի ԱԱԲԹ փորձի փոխանակման առցանց հարթակ

135
Տարածել

Տեղեկացրել ենք, որ Հայաստանում ստեղծվելու է արագ արձագանքման բժշկական թիմ (ԱԱԲԹ), աշխատանքներին մասնակցում են նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները՝ ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության անհետաձգելի բժշկական օգնության բաժնի պետ, փ/ծ մայոր Գայանե Հայրապետյան եւ նույն վարչության բուրժկանխարգելման բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Նունե Իսրայելյան:

Նոյեմբերի 16-19-ը Վրաստանում անցկացվել է «Ավելի ուժեղ միասին. միջսահմանային արտակարգ իրավիճակների հակազդման համատեղ գործողություն Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ» աշխատաժողով, որին մասնակցել են նաեւ ԱԻՆ ներկայացուցիչները՝ «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) արտաքին որակավորում ունեցող հայկական քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ, թիմի հրամանատար, փ/ծ գնդապետ Հայկ Նաղդալյանն ու ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության անհետաձգելի բժշկական օգնության բաժնի պետ, փ/ծ մայոր Գայանե Հայրապետյանը:

Ըստ Գայանե Հայրապետյանի, աշխատաժողովում քննարկվել են արագ արձագանքման բժշկական թիմ ձեւավորելու հարցում Հայաստանի եւ Վրաստանի ձեռքբերումներն ու գրանցած հաջողությունները: Հավաքին առցանց ձեւաչափով մասնակցել են նաեւ ամերիկացի եւ իտալացի մեթորները:

Արձանագրվել է, որ բավականին աշխատանք է արված. մշակվել են գործողությունների ստանդարտ ընթացակարգերը: Ինչպես INSARAG-ի որակավորում ունեցող թիմերի դեպքում, որ աղետյալ երկրին օգնության հասած տարբեր ԱԱԲ թիմերի համագործակցությունը հեշտ լինի: Թե Հայաստանում, թե Վրաստանում կան որակյալ բժիշկներ, բայց արագ արձագանքման բժշկական թիմեր ստեղծվում են զրոյից՝ ըստ INSARAG-ի մեթոդաբանության: Տարբերությունն այն է, որ INSARAG-ի թիմում կան լոգիստիկ մասնագետներ, փրկարարներ, բժիշկներ, սպասարկող անձնակազմ, բժշկական թիմում՝ առավելապես բժիշկներ են եւ մի քանի տեխնիկական մասնագետ:

«Ավելի ուժեղ միասին. միջսահմանային արտակարգ իրավիճակների հակազդման համատեղ գործողություն Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ» աշխատաժողովում որոշվել է ստեղծել քննարկումների առցանց հարթակ, որը կդառնա փորձի փոխանակման գործիք: Մեթորները եւս կհետեւեն, կմասնակցեն քննարկումներին ու անհրաժեշտության դեպքում սեփական առաջարկները կներկայացնեն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. 2023 թվականի գարնանը կանցկացվի հայկական արագ արձագանքման բժշկական թիմի առաջին շտաբային վարժանքը: