Գլխավոր Վերլուծություն 2023 թվականի գարնանը կանցկացվի հայկական արագ արձագանքման բժշկական թիմի առաջին վարժանքը

2023 թվականի գարնանը կանցկացվի հայկական արագ արձագանքման բժշկական թիմի առաջին վարժանքը

192
Տարածել

Հոկտեմբերի 5-7-ը Երեւանում անցկացվեց արագ արձագանքման բժշկական թիմերի հինգերորդ գլոբալ հանդիպումը, որին մասնակցում էր 50 երկրի ավելի քան 500 ներկայացուցիչ՝ բժիշկներ, առողջապահության ոլորտի փորձագետներ եւ այլք: Հայաստանում արագ արձագանքման բժշկական թիմ ձեւավորելու աշխատանքը մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբերին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների եւ առողջապահության նախարարների համատեղ հրամանով ստեղծվել է արագ արձագանքման բժշկական թիմի ստեղծման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբ: Խումբն արդեն վերապատրաստման մի շարք դասընթացների է մասնակցել:  Իսկ այս տարվա օգոստոսին խմբի ներկայացուցիչները մասնակցել են Միացյալ թագավորությում անցկացված սիմուլյացիոն վարժանքին:

Արագ արձագանքման բժշկական թիմի ստեղծման աշխատանքները համակարգող աշխատանքային խմբում արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներն են՝ ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության անհետաձգելի բժշկական օգնության բաժնի պետ, փ/ծ մայոր Գայանե Հայրապետյանը եւ նույն վարչության բուրժկանխարգելման բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Նունե Իսրայելյանը:

Գայանե Հայրապետյանի խոսքով, արագ արձագանքման բժշկական թիմ ձեւավորելու ուղղությամբ Հայաստանի ու Վրաստանի ջանքերն են պատճառը, որ արագ արձագանքման բժշկական թիմերի հինգերորդ գլոբալ հանդիպումն անցկացվեց Հայաստանում: Իսկ միջազգային այս հավաքը փորձի փոխանակման լուրջ հարթակ էր: Հայաստանը մտադիր է ձեւավորել արագ արձագանքման մեկ թիմ, որն աղետի ժամանակ կարող է բացազատվել մեկ տարածքում եւ ամբուլատուր բուժծառայություններ մատուցել: Երեւանյան հավաքին մասնակցում էին թիմեր, որ կարող են անհրաժեշտության դեպքում տարածքից տարածք տեղափոխվել եւ մատուցել նաեւ գինեկոլոգիական եւ վիրաբուժական ծառայություններ: Նրանց անցած ճանապարհը, խոչընդոտները հաղթահարելու քայլերը կօգնեն մեր մասնագետներին շատ հարցեր ավելի արագ լուծել: Կենդանի շփումը պաշտոնական մակարդակին զուհագեռ նաեւ ընկերական կապեր է ձեւավորում, ինչը կարեւոր է: Ձեւավորված կապերը զարգանում են, առցանց կապը կա մշտապես:

Հայկական արագ արձագանքման բժշկական թիմն արդեն որոշակի գույք է ձեռք բերել, մշակվում են վարժանք անցկացնելու փոքրիկ սցենարներ: Սկզբի համար կանցկացվի շտաբային վարժանք, հետո՝ դաշտային: Հայկական արագ արձագանքման բժշկական թիմի առաջին շտաբային վարժանքը կանցկացվի 2023-ի գարնանը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ