Գլխավոր Վերլուծություն Հայաստանը կունենա արագ արձագանքման բժշկական թիմ

Հայաստանը կունենա արագ արձագանքման բժշկական թիմ

2267
Տարածել

Դեռեւս 2021 թվականի դեկտեմբերին ՀՀ արտակարգ իրավիճակների եւ առողջապահության նախարարների համատեղ հրամանով ստեղծվել է արագ արձագանքման բժշկական թիմի ստեղծման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբ՝ արտակարգ իրավիճակների եւ առողջապահության փոխնախարարների նախագահությամբ: Աշխատանքային խմբում, բացի ԱԻ փոխնախարարից, ԱԻՆ-ից ընդգրկված են եւս երկու հոգի. ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության անհետաձգելի բժշկական օգնության բաժնի պետ, փ/ծ մայոր Գայանե Հայրապետյան եւ նույն վարչության բուրժկանխարգելման բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Նունե Իսրայելյան:

Մինչ օրս մի շարք քայլեր են արվել, այդ թվում՝ փորձի փոխանակման նպատակով այցեր այլ երկրներ: Վերջին նման այցը հունիսի 15-20-ն էր Գերմանիա՝ արագ արձագանքման բժշկական թիմերի մասնակցությամբ դաշտային վարժանքին հետեւելու նպատակով: Դրանից առաջ մեր պատվիրակները Վրաստանում էին՝ արագ արձագանքման բժշկական թիմ ձեւավորելու նպատակով «Ուսուցանողների ուսուցանում (վերապատրաստողների վերապատրաստում)» (Training of Trainers` ToT) ձեւաչափով դասընթացի մասնակցելու նպատակով:

Նշված երկու հավաքի մասնակից, արագ արձագանքման բժշկական թիմի ստեղծման աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի անդամ, ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության անհետաձգելի բժշկական օգնության բաժնի պետ, փ/ծ մայոր Գայանե Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Վրաստանում ամերիկացի եւ իտալացի մենթորները սովորեցնում էին ձեւավորել բժշկական արագ արձագանքման թիմ, որտեղ լինելու են ոչ միայն բժիշկներ, այլ նաեւ աշխատանքների կազմակերպման-համակարգման մասնագետներ: Բժիշկը ամեն տեղ էլ կարող է աշխատել, բայց բուժհաստատությունում աշխատանքի համար ամեն ինչ կա, իսկ արտակարգ իրավիճակում, երբ պետք է դաշտային պայմաններում բուժկետ կազմակերպել, պայմաններն այլ են՝ դաշտում չկան բուժհաստատության նույն պայմանները՝ ողջ ծավալով: Հարկ է բուժհաստատությունում աշխատող բժշկին սովորեցնել արագ հարմարվել դաշտային պայմաններին:

«Ուսուցանողների ուսուցանում» ձեւաչափով վերապատրաստված մասնագետները ոչ միայն կրթելու են նոր ձեւավորվող հայկական թիմի անդամներին, այլ նաեւ լինելու են արագ արձագանքման հայկական բժշկական թիմի անդամ: Ենթադրվում է, որ արագ արձագանքման հայկական բժշկական առաջին թիմը կունենա 25-30 անդամ եւ նույնքան պահեստային: Այս թիմը ունակ կլինի արտակարգ իրավիճակում աշխատել տուժած տարածքի մեկ տեղամասում: Հետագայում, ըստ կարողությունների եւ հմտությունների զարգացման, կարող է ձեւավորվել նաեւ այնպիսի թիմ, որն ունակ կլինի անհրաժեշտության դեպքում, արագ տեղափոխվել այլ տեղամաս: Սա ապագայի խնդիր է, հիմա գերխնդիրը՝ արագ արձագանքման հայկական բժշկական մեկ թիմ ձեւավորելն է:

Գերմանիայում անցկացված արժանքի սցենարի համաձայն, Մայնց եւ Որմս քաղաքներից մեկում խոշոր հրդեհ է, հարեւան քաղաքից օգնական ուժեր են եկել:  Գայանե Հայրապետյանի խոսքով, շատ ուսանելի ու նաեւ հաճելի էր տեսնել, թե ինչպես է բժիշկն օգնում փրկարարին կամ ոստիկանը՝ բժշկին: Հայաստանում արագ արձագանքման բժշկական թիմ ձեւավորելիս այս բոլորը հաշվի են առնելու:

Գերմանիան արագ արձագանքման բժշկական թիմերի հարցում հարուստ փորձ ունի եւ Գերմանիայում դաշտային վարժանք անցկացնելը պատահական չէր: Օրինակ Ֆրանկֆուրտում 21 հոգանոց թիմ կա, որ արդյունավետ աշխատում է: Այս հարցում առաջնայինը եւ գլխավորը որակն է՝ բոլորը գիտեն իրենց գործառույթը, ճիշտ տեղում ճիշտ մարդիկ են՝ իրար ցուցում չեն տալիս, իրար օգնում են: Թիմն ունի գործողությունների ստանդարտ ընթացակարգեր:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Գայանե Հայրապետյանը