Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները 387 կանչի են արձագանքել

Փրկարարները 387 կանչի են արձագանքել

201
Տարածել

Նոյեմբերի 7-13-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 387 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Անցած շաբաթ գրանցվել է 63 հրդեհ: Այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 19 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 176 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 100-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Աջափնյակ, Արաբկիր, Կենտրոն, Ավան, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Շենգավիթ վարչական շրջաններում, Արարատում, Շիրակում, Սյունիքում, Լոռիում, Կոտայքում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում օձ նկատելու մասին երկու ահազանգ է ստացվել: Երկու դեպքում էլ օձը հայտնաբերվել է: Փրկարարները բռնել են օձերին եւ տեղափոխել անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված մեքենաների վերաբերյալ 15 կանչ է ստացվել: Բոլոր դեպքերում փրկարարները ազատել են մեքենաները, անվտանգ տարածք է տեղափոխվել 25 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Բնակ­չության ազդարարում, տարհանում եւ պատսպարում», «Օդային տագնապ ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման իրականացումը», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը համալսարանում», «Հրդեհաշիջումը դպրոցի խոհանոցում ծագած հրդեհի ժամանակ», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը բազմաբնակարանային շենքում», «Հրդեհաշիջումը ուսումնական հաստատություններում», «Դպրոցի տանիքում առաջացած հրդեհի հրդեհաշիջում եւ տարահանման կազմակերպում»,« Հրդեհաշիջումը հյուրանոցի խոհանոցում» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ: