Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Հայտնաբերվել է 160 միավոր ռազմամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Հայտնաբերվել է 160 միավոր ռազմամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

172
Տարածել

Նոյեմբերի 7-14-ը ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության կենտրոնական ու շրջանային ստորաբաժանումների 911 ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 664 զանգ:

Ջերմաստիճանի նվազմամբ պայմանավորված, շաբաթվա ընթացքում կտրուկ նվազել են հրդեհների վերաբերյալ կանչերը, փոխարենը մեծացել է շմոլ գազով թունավորումների ռիսկը:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում է բնակիչներին ցուցաբերել զգոնություն եւ կանխել դժբախտ ելքով դեպքերը: Ծառայությունը խորհուրդ է տալիս պարբերաբար ստուգել գազի սարքերի աշխատանքն ու ջեռուցման սարքավորումները, հաճախակի օդափոխել սենյակները։

Անցած շաբաթ փրկարարները բացել են խափանված փականով վեց դուռ, մեկ կանչով քաղաքացուն ազատել խափանված վերելակից: Առողջական խնդիր ունեցող 6 քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել է բժշկական հաստատություն: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 6 ելք:

Բնակչության ազատ ու անվտանգ տեղաշարժի ապահովման, ինչպես նաեւ կյանքի համար վտանգ ներկայացնող սպառնալիքները կանխելու նպատակով՝ Փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի եւ «The Halo Trust» կազմակերպության սակրավորների հետ շարունակում են հետախուզական, միաժամանակ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման աշխատանքները: Անցած շաբաթվա ընթացքում կատարվել է 7 ելք: Հայտնաբերվել է 160 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:

ԱԻ պետական ծառայությունը շարունակում է 24-ժամյա համակարգված աշխատանք իրականացնել Հանրապետության ողջ տարածքում, ապահովելով բնակչության անվտանգությունը՝ հոգեբանական աջակցությունից մինչեւ մարդկային կյանքի փրկություն:

Տեղեկատու հեռախոսներ՝ 911, 101,112. /047/ 94 09 11

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն