Գլխավոր Վերլուծություն Վերապատրաստում Ռուսաստանում. Ճոպանային համակարգեր

Վերապատրաստում Ռուսաստանում. Ճոպանային համակարգեր

692
Տարածել

Կոտայքի մարզի Գետարգել գյուղում գտնվող «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» 2022 թվականի աշխատանքային պլանի համաձայն, հոկտեմբերի 3-25-ը Ռուսաստանի Դաշնության Ուֆա քաղաքի արդյունաբերական ալպինիզմի եւ փրկարարների «Պրոֆսերվիս» կրթական կենտրոնում անցկացվել է «Ճոպանային համակարգերի միջոցով բարձրությունների վրա աշխատանքներ ուսուցանող մասնագետների պատրաստում» թեմայով վերապատրաստման դասընթաց։ «Պրոֆսերվիսի» մասնագետներն ամիսներ առաջ՝ մայիսին, Հայաստանում վերապատրաստել էին 12 հայ փրկարարի եւ նրանցից ընտրել հինգին, որոնք Ուֆայում օրերս բարեհաջող քննություն հանձնեցին եւ ստացան հրահանգչի որակավորում։ Նրանք են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան փրկարարական ուժերի վարչության «Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի» (ՀՆՓԱԻԿ) փրկարարական ջոկատի ընդհանուր պրոֆիլի փրկարար, փ/ծ ենթասպա Արամ Հակոբյանը, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատի լեռնափրկարար-դեսանտ, փ/ծ ենթասպա Անդրանիկ Գալստյանը, Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի հերթափոխի պետ, փ/ծ ենթասպա Դավիթ Ավոյանը, Գյումրու թիվ 2 ՀՓՋ ավագ հրշեջ-փրկարար, փ/ծ ավագ սերժանտ Սեւակ Թումասյանը, Երեւան քաղաքի փրկարարական վարչության թիվ 1 ՀՓՋ ավագ հրշեջ-փրկարար, փ/ծ ավագ սերժանտ Ազատ Գեւորգյանը։

Խմբի ղեկավար Արամ Հակոբյանի խոսքով՝ դասերը հիմնականում ուղղված էին մեծ բարձրության վրա աշխատանք կատարելիս տուժած փրկարարի տարհանմանը։ Հիմնական շեշտը դրվել է պատգարակման եւ առաջին օգնության հմտությունների զարգացման վրա։ Բացի դրանից՝ մասնակիցները սովորել են՝ ինչպես ճիշտ խոսել լսարանի առաջ, ինչպես մատուցել նյութը։

Խումբն առաջին օրվանից աչքի է ընկել գիտելիքով ու ակտիվությամբ։ Թեմատիկ առաջադրանքներն ու վերլուծությունները կատարվել են բարձր մակարդակով։ Կազմակերպվել է ճանաչողական այց Ուֆայի հատուկ փրկարարական ջոկատ։ Արամ Հակոբյանը նշում է՝ հիացած է նրանց տեխնիկական հագեցվածությամբ։ «Ջոկատն ուներ հետեւակի փրկարարական մեքենա, որը եզակի հզոր գործիք է։ Գիտելիքի առումով մենք բավական պատրաստված էինք, մեր միակ թերությունը գույքն է»,- հավելեց փրկարարը։

Դասերից ազատ ժամանակ հայկական պատվիրակության համար կազմակերպվել է էքսկուրսիա Ուֆայի դիտարժան վայրերում։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները