Գլխավոր Վերլուծություն Մեր փրկարարները մասնակցել են Մանչեսթերում կայացած վարժանքին

Մեր փրկարարները մասնակցել են Մանչեսթերում կայացած վարժանքին

621
Տարածել

Ինչպես տեղեկացրել էինք, 2021 թվականի դեկտեմբերին ՀՀ արտակարգ իրավիճակների եւ առողջապահության նախարարների համատեղ հրամանով ստեղծվել է արագ արձագանքման բժշկական թիմի ստեղծման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբ՝ արտակարգ իրավիճակների եւ առողջապահության փոխնախարարների նախագահությամբ:  

Օգոստոսի 2-6-ն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հայկ Նաղդալյանը եւ բժշկական ապահովման վարչության անհետաձգելի բժշկական օգնության բաժնի պետ, փ/ծ մայոր Գայանե Հայրապետյանը գործուղվել են Միացյալ Թագավորության Մանչեսթեր քաղաք։ Ճանաչողական այցի նպատակն էր արագ արձագանքման բժշկական թիմերի ստեղծման համար ծանոթանալ UK-MED կազմակերպության գույքացանկին եւ գործելակարգերին։ Մասնակցում էին նաեւ Վրաստանից ընտրված թեկնածուներ։

Անցկացվել է սիմուլյացիոն վարժանք, որի ժամանակ մասնակիցները ցուցադրել են ինչպես բժշկական, այնպես էլ նյութատեխնիկական սպասարկման ոլորտում պրակտիկ հմտություններ։ Քննարկվել են իրավիճակային խնդիրներ, առաջին օգնության, առաջին բուժօգնության կազմակերպման, անձնակազմի պաշտպանության եւ այլ հարցեր։

Գայանե Հայրապետյանի փոխանցմամբ՝ UK–MED-ը կառավարությանն առընթեր կառույց է բազմաթիվ որակավորումներ ունեցող արագ արձագանքման բժշկական թիմով։ UK-MED-ն առաջին կարգի fixed` տեղայնացված խումբ է, որը նպատակ ունի դառնալ մոբիլիզացիոն։ «Այս բժիշկներն առաջիններից էին, որոնք 1988 թվականի երկրաշարժից հետո ժամանեցին Հայաստան՝ աղետի գոտի։ Կորոնավիրուսի համաճարակի սուր շրջանում՝ 2020 թվականին, նրանք կրկին այստեղ էին՝ հետքովիդյան բարդացումները բուժելու  եւ վերահսկելու նպատակով։ Մեծ փորձառություն ունեցող խումբ է, հրավիրյալ առաքելություններ է իրականացնում»,- մանրամասնում է ԱԻՆ բժշկուհին։

Մասնակիցներին ներկայացվել է UK-MED-ի տեխնիկական ու գույքային հագեցվածությունը․ դա կնպաստի նաեւ մեր երկրում նման թիմ ունենալուն, ինչը, Գայանե Հայրապետյանի կանխատեսմամբ, սարերի հետեւում չէ։ Առաջիկա երկու ամսվա ընթացքում մշակվելու է ամբողջական հաստիքացուցակ ու գույքացանկ՝ գնման պրոցես հայտարարելու համար։ Ծրագիրը լինելու է հայ-վրացական համագործակցությամբ, տարածաշրջանում ստեղծվելու է երկու խումբ։

Որպես բազա՝ ընտրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, որի բժիշկները լինելու են արագ արձագանքման բժշկական թիմի կորիզը։ Քննարկումներ են ընթանում նաեւ այլ բուժկենտրոններից մասնագետներ ներառելու համար։

ԱԻ նախարարությունը ներկայացրել է իր թեկնածուներին, որոնք ապահովելու են  նյութատեխնիկական կողմը՝  ջրամատակարարում, էներգամատակարարում եւ այլն, ընդհանուր առմամբ՝ վրանային ավանի ողջ կառավարումը։ Անձնակազմի հստակեցումից հետո աղետների բժշկության եւ կառավարման ոլորտի մասնագետները կկարողանան կրթել բժիշկներին եւ լոգիստիկ մասնագետներին։ Ամբողջ գործընթացը նախատեսվում է ավարտել մինչեւ 2023 թվականի մարտը, այնուհետեւ հնարավոր կլինի արագ արձագանքման բժշկական թիմի որակավորման համար ժամկետ նշանակել։

Անդրադառնալով սիմուլյացիոն վարժանքին՝ Գայանե Հայրապետյանը հավելում է, որ կազմակերպիչները հաճելի զարմանքով են ընդունել իրենց՝ իմանալով, որ «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) անդամ են։  Վարժանքի ժամանակ Հայկ Նաղդալյանն էլեկտրամատակարարման հարցում ցույց է տվել իսկական պրոֆեսոնալիզմ, ներկայացրել մեր փորձը։

«Ինչպես տեսնում ենք՝ մեր երկրում բնական աղետներն անխուսափելի են, մեզ  նման թիմեր շատ են պետք։ UK-MED-ի կամավորների թիվը հազարների էր հասնում, եւ մարդկանց փոխարինելու խնդիր չկար։ Այս հարցին մենք պիտի հատուկ ուշադրություն դարձնենք»,- ամփոփում է ԱԲՕ բաժնի պետը։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Գայանե Հայրապետյանը