Գլխավոր Վերլուծություն Փրկվել է 28 կյանք. ջրափրկարարներն ամփոփում են լողասեզոնի առաջին ամիսը

Փրկվել է 28 կյանք. ջրափրկարարներն ամփոփում են լողասեզոնի առաջին ամիսը

1689
Տարածել

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատը հուլիս ամսվա ընթացքում ստացել է բազմաթիվ ահազանգեր: Գրանցվել է մեկ ջրահեղձության դեպք, փրկվել է 28 քաղաքացի:

Ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Արմեն Ճզմաչյանը նշում է՝ փրկվածների թվում հիմնականում օտարազգի զբոսաշրջիկներ են, որոնք ծանոթ չեն լճի ռելիեֆին ու եղանակային պայմաններին: Ահազանգերը հիմնականում եղել են մոտորանավակի ու սկուտերի խափանվելու, ջրային հեծանիվների կողաշրջվելու եւ ալիքների պատճառով ափից հեռանալու վերաբերյալ: Որոշ դեպքերում մեծ քանակությամբ տեխնիկա եւ ուժեր են պահանջվել: Օրինակ՝ հուլիսի 31-ին ռուս զբոսաշրջիկը մի լողափից անցել էր մյուսը, եւ հարազատներն ահազանգել էին ջրահեղձության կասկածով: Մի քանի ժամ որոնողական աշխատանքից հետո՝ գիշերային ժամի, լողորդը կարողացել էր կապ հաստատել եւ հաղորդել իր կոորդինատները: Հետդարձի ճանապարհին փրկարարները նկատել էին նաեւ շրջված սկուտեր եւ ջրից դուրս բերել երկու տուժածի:

Մեկ այլ դեպք. երկու այլազգի ամուսիններ, որոնք զբաղվում  են սապբորդինգով, մոտ 3 կմ հեռացել էին ափից եւ չէին կարողանում վերադառնալ: Բարեբախտաբար, նրանք պարաններով իրենց ամրակապել էին սապին մինչեւ ջրասուզակների ժամանելը: Որոնողական աշխատանքը տեւել է մեկ ժամից ավելի, տուժածները եղել են սառած վիճակում:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս որոշ կարգազանց հանգստացողներ անցել են լողանշանները եւ կորցրել կողմնորոշումը: Ջոկատի հրամանատարի խոսքով՝ լողափերի տարածքում պարբերաբար կատարվում է քաղաքացիների իրազեկում հնարավոր վտանգների մասին:

Հուլիսի 30-ին հանգստյան գոտիներից մեկում կայացել է սապերով եւ մակույկներով սիրողական նավավարություն, որին մասնակցել է մոտ 20 հոգի: Սեւանի ՀՋՋ ջրափրկարարներն ապահովել են նրանց անվտանգությունը. արտակարգ դեպքեր չեն գրանցվել:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են ջրափրկարարները