Գլխավոր Միջոցառումներ «Հյուսիս-Հարավ» ցուցահանդեսում ներկայացված է նաեւ հրշեջ մեքենայի լուսանկար

«Հյուսիս-Հարավ» ցուցահանդեսում ներկայացված է նաեւ հրշեջ մեքենայի լուսանկար

2229
Տարածել

Հունիսի 3-17-ը «Երեւան բիենալ» արվեստի հիմնադրամի «Լաթիթյուդ» կենտրոնում («Վահագնի» թաղամասի հարեւանությամբ) բաց կլինի գեղանկարիչ Արամ Պարունակյանի առաջին անհատական «Հյուսիս-Հարավ» ցուցահանդեսը, որում ներկայացված է նաեւ հրշեջ մեքենայի լուսանկար:

Ցուցահանդեսում ներկայացված է 10 գեղանկար՝ տրանսպորտային միջոցներ, շինարարական տեխնիկա: Մեզ հետ զրույցում հեղինակն ասաց, որ շարքի վրա սկսել է աշխատել 2019 թվականից, արդեն 10 տարի էր անցել, ինչ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարությունը սկսված էր: Նախ լուսանկարել է ուշագրավ կադրը, հետո՝ լուսանկարից գեղանկար ստացել: Ծրագրի մեկնարկին՝ 2009-ին հայտարարվում էր, որ 2019-ին ճանապարհը պատրաստ կլինի. «պիտի մի ողնաշար կառուցվեր ու մեր երկիրը դառնար շատ ուժեղ, բայց 10 տարում շատ բան չէր արվել, անկախ ֆինանսների հոսքից, որ գալիս էին դեպի այս նախագիծ»: Արամ Պարունակյանն ապրում է Մուշ թաղամասում, «Հյուսիս-Հարավի» մի հատվածն անցնում է հենց այս թաղամասի կողքով եւ գեղանկարիչն ամեն օր տեսնում էր շինարարական աշխատանքները, դադարները, նախագծով հետաքրքրվելով կարդում էր այս կամ այն կողմին ուղղված մեղադրանքներ՝ բետոնի որակը լավը չէ, սխալ են հաշվել եւ այլն. «այս ամենում ես տեսնում էի ոչ թե մի բան, որ պետք է արվի, բայց դեռ չի արվում, այլ մեր հասարակության բազմաթիվ խեղումներից մեկը: Մեր հասարակությունը չի զարգանում հենց այսպիսի կետերի պատճառով»: Ու որոշեց, պատկերավոր ասած, արխիվ ձեւավորել, վավերագրել ողջը, ոչ թե վերարտադրել իրականությունը, այլ շեշտադրել դրա առանձին մասնիկներ, «որ մարդիկ տարբեր կողմերից տեսնեն եւ հասկանան»: Տրանսպորտային միջոցների շարքում կա նաեւ մեկ լուսանկար, որտեղ երեւում է ճանապարհաշինության մեջ օգտագործվող ճանապարհային երթեւեկության նշանների կույտ, մի կողմ դրված, անպետք իրեր: Չկա շինարարություն, չկա ճանապարհ, պետք չեն նաեւ նշանները: Նկարներից մեկում էլ ճանապարհային ոստիկանության վթարված մեքենա է: Երթեւեկության անվտանգության ապահովման համար փողոց դուրս եկած մեքենան ինքն է վթարվել:

Այս շարքը նկարելիս քաղաքի մի հատվածում Արամ Պարունակյանը տեսել է հրշեջ մեքենա, որը շատ զգույշ հետ էր շարժվում: Վարորդ-փրկարարը ուշադիր հետ նայելով, դանդաղ է վարում մեքենան: Պատկերը դուր է եկել գեղանկարչին ու դարձել «Հյուսիս-Հարավ» ցուցահանդեսի մի մասնիկ;

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ