Գլխավոր Նորություններ ԳԻՏՆԱԿԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ԳԻՏՆԱԿԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

543
Տարածել

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում 2010 թվականից հրատարակվում է «Ճգնաժամային կառավարում և տեխնոլոգիաներ» գիտական և գիտամեթոդական հոդվածների ժողովածուն, որի ստեղծման օրվանից խմբագրական խորհրդի անդամ էր մեծ հեղինակություն վայելող գիտնական, երկրաբանական գիտությունների դոկտոր, Արկադի Ստեփանի Կարախանյանը:

2017-ի նոյեմբերի 13-ին 66 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացավ ճանաչված երկրաբան, 2006-2017 թթ. ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն, 2017-ից նույն ինստիտուտի երկրամոնիթորինգի և երկրահնագիտության լաբորատորիայի վարիչ, երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր Արկադի Ստեփանի Կարախանյանը: Նրա մահը մեծ կորուստ է երկրաբանական գիտության համար: Նրա բազմամյա ուսումնասիրություններն ակտիվ տեկտոնիկայի, սեյսմատեկտոնիկայի և երկրաբանական տարբեր վտանգավոր երևույթների` երկրաշարժերի, սողանքների հետազոտման և դրանց ռիսկի գնահատման ոլորտներում ստացան բարձր հնչեղություն միջազգային երկրաբանական հանրության շրջանում: Արկադի Կարախանյանը հետազոտական աշխատանքներ է իրականացրել Իրանում, Վրաստանում, Կիպրոսում, Սիրիայում, Եգիպտոսում, Ռուսաստանի Դաշնությունում, Ղազախստանում և այլուր: Նա համարվում էր ատոմակայանների սեյսմիկ վտանգների գնահատման ԱԷՄԳ (ՄԱԳԱՏԷ) միջազգային փորձագետ:

Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 6 թեկնածուական ատենախոսություն: Հեղինակ է շուրջ 70 գիտական աշխատությունների, այդ թվում՝ 3 մենագրությունների, որոնք հրատարակվել են ամենահեղինակավոր միջազգային ամսագրերում և հրատարակչություններում:

Մասնակցել և ղեկավարել է INTAS, CRDF, NATO, ISTC, PEER և այլ միջազգային գիտահետազոտական ծրագրեր, ՀՀ ԿԳՆ ԳՊԿ բազմաթիվ թեմաներ, ինչպես նաև՝ շուրջ 16 գիտաարտադրական նախագծեր:

Արկադի Կարախանյանի՝ ճանաչված գիտնականի, գիտության կազմակերպչի, ազնիվ, համակրելի և կենսուրախ անձնավորության կերպարը միշտ վառ կմնա մեր հիշողության մեջ:

 

ՀՀ ԱԻՆ ՃԿՊԱ «Ճգնաժամային կառավարում և տեխնոլոգիաներ»

գիտական հանդեսի խմբագրական խորհուրդ