Գլխավոր Վերլուծություն Հարուստ երկրները չեն կարողանում առողջ միջավայր ապահովել աշխարհի երեխաների համար

Հարուստ երկրները չեն կարողանում առողջ միջավայր ապահովել աշխարհի երեխաների համար

2205
Տարածել

Յուրաքանչյուր պետության գերակա առաջնահերթություններից մեկը պետք է լինի երեխաների պաշտպանությունը։ Այն, ինչ ստեղծում ենք այսօր, ապագայում ազդելու է նրանց կենսագործունեության ու առողջության վրա։

Օրերս Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Ինոչենտի հետազոտությունների գրասենյակը հրապարակել է նոր հաշվետվություն,  որի համաձայն՝ հարուստ երկրների մեծամասնությունն անառողջ, վտանգավոր եւ վնասակար պայմաններ է ստեղծում ամբողջ աշխարհի երեխաների համար։

«Ինոչենտի հաշվետվության թերթիկ թիվ 17. վայրեր եւ տարածքներ» փաստաթուղթը բացահայտում է, թե ինչպես են Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) ու Եվրոպական միության (ԵՄ) անդամ հանդիսացող 39 երկրները գործում երեխաների համար առողջ միջավայր ապահովելու հարցում: Զեկույցում խոսվում է վնասակար աղտոտիչների, այդ թվում՝ թունավոր օդի, թունաքիմիկատների, աղբավայրերի եւ կապարի առկայության, մյուս կողմից՝ լույսի հասանելիության, կանաչ տարածքների ու անվտանգ ճանապարհների, ինչպես նաեւ կլիմայական ճգնաժամի, ռեսուրսների սպառման եւ էլեկտրոնային թափոնների ստեղծման վրա այս երկրների ազդեցության մասին։

Մասնավորապես՝ եթե աշխարհում բոլորը ռեսուրսները սպառեն ՏՀԶԿ եւ ԵՄ երկրներում բնակվող մարդկանց տեմպերով, ապա սպառման մակարդակին համարժեք լինելու համար կպահանջվի 3,3 երկրագունդ:

Ուսումնասիրված ոչ բոլոր երկրներն են կարողանում բոլոր ցուցանիշներով առողջ միջավայր ապահովել երեխաների համար։ Օրինակ՝ ամենահարուստ երկրներից  Ավստրալիան, Բելգիան, Կանադան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները լուրջ եւ լայնածավալ ազդեցություն ունեն գլոբալ միջավայրի վրա՝ պայմանավորված CO2 արտանետումների, էլեկտրոնային թափոնների եւ մեկ շնչին բաժին ընկնող ռեսուրսների ընդհանուր սպառմամբ։ Այս երկրները նաեւ ցածր դիրք են զբաղեցնում իրենց սահմաններում ապրող երեխաների համար առողջ միջավայր ստեղծելու հարցում:

Զեկույցի համաձայն՝

  • Ուսումնասիրվող հարուստ երկրներում բնակվող ավելի քան 20 միլիոն երեխայի արյան մեջ գրանցվել է կապարի բարձր ցուցանիշ։ Կապարը շրջակա միջավայրի ամենավտանգավոր թունավոր նյութերից է։
  • Ֆինլանդիան, Իսլանդիան եւ Նորվեգիան գլխավորում են առաջին եռյակը՝ իրենց սահմաններում ապրող երեխաների համար առողջ միջավայր ապահովելու հարցում։ Այդուհանդերձ, ընդհանուր առմամբ,  այս երեք երկրներն աշխարհի մասշտաբով արտանետումների, էլեկտրոնային թափոնների եւ սպառման բարձր ցուցանիշ ունեն։
  • Իսլանդիայում, Լատվիայում, Պորտուգալիայում եւ Միացյալ Թագավորությունում 5 երեխայից մեկը տուժում է տանը տիրող խոնավության եւ բորբոսի պատճառով, իսկ Կիպրոսում, Հունգարիայում եւ Թուրքիայում՝ 4 երեխայից ավելի քան մեկը:
  • Շատ երեխաներ թունավոր օդ են շնչում թե՛ դրսում, թե՛ տանը: Մեքսիկայում օդի աղտոտվածության հետեւանքով յուրաքանչյուր հազար երեխայի հաշվով կորսվում է առողջ կյանքի 3,7 տարի։ Այս առումով ամենացածր ցուցանիշն ունեն Ֆինլանդիան եւ Ճապոնիան՝ 0,2 տարի:
  • Բելգիայում, Չեխիայում, Իսրայելում, Նիդեռլանդներում, Լեհաստանում եւ Շվեյցարիայում յուրաքանչյուր 12 երեխայից մեկը տուժում է թունաքիմիկատների բարձր ցուցանիշի առկայության պատճառով։ Սա հանգեցնում է մանկական լեյկոզի եւ կարող է վնասել երեխաների նյարդային, սրտանոթային, մարսողական, վերարտադրողական, էնդոկրին, արյան եւ իմունային համակարգերը։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ