Գլխավոր Վերլուծություն 911-ի ստացած զվարճալի կանչերը

911-ի ստացած զվարճալի կանչերը

1462
Տարածել

Հստակ ու միանշանակ պարզ չէ, թե որ երկրում եւ ինչպես է որոշվել ապրիլի մեկին նշել Հիմարների օրը (Fools’ Day) կամ Ծիծաղի օրը: Շատ երկրներ տարբեր վարկածներ են առաջ քաշում եւ փորձում ապացուցել, որ երգիծանքին, հումորին, ծիծաղին մեծ տեղ տալու որոշումը հենց իրենց պապերն են կայացրել: Բազմաթիվ են կատակի ու հումորի մասին փիլիսոփաների գնահատականները. եթե մարդը կատակ չի հասկանում, կորած մարդ է (Չեխով), առանց հումորի ապրում են միայն հիմարները (Պրիշվին), հումորը փրկագոտի է կյանքի ալիքներում (Ռաբլե) եւ այլն:

Հայաստանի հանրապետության «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքով, ապրիլի մեկին Հայաստանում նշվում է «Երգիծանքի եւ հումորի օրը»: Տոնը նշվում է 2006 թվականից: Մեր փրկարարները, երբեմն այնպիսի կանչեր են ստանում, որոնց առանց ապրիլմեկյան տրամադրության, առանց հումորի նայել պարզապես չես կարող: Ներկայացնում ենք 911 ծառայության ստացած որոշ զվարճալի կանչերը:

 

  1. Լոգարանի կախովի առաստաղի տակ կանաչավուն օձ կա: Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզում են, որ կանաչավուն օձն իրականում ջահի կանաչ կախիչն է:
  2. Մայրս եւ երեխաներս մեր ամառանոցում են, օձ է նկատվել, հասեք: Դեպքի վայր մեկնած փրկարարները հայտաբերում են ահազանգողի քրոջը եւ սիրեկանին: Մայրն ու երեխաները ամառանոց չեն եկել:
  3. Մեր հարեւան 82-ամյա տատիկը չի արձագանքում դռան թակոցներին: Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզում են, որ տատիկը մի պապիկի հետ է եւ պարզապես չի ցանկացել բացել դուռը:
  4. Ես ու հայրս վիճում ենք, չե՞ք ասի, ինչպես է ավարտվել Հայաստան-Բուլղարիա ֆուտբոլային խաղը: Փրկարարները պատասխանում են՝ 2:1 հօգուտ Հայաստանի:
  5. Մեր բնակարանում օձ կա: Դեպքի վայր մեկնած փրկարարները բնակարանում օձ չեն հայտնաբերում եւ հեռանում են: Քիչ անց նույն մարդուց նոր ահազանգ. մեր բնակարանում մուկ է եղել, որը հիմա չկա, հավանաբար օձը կերել է, ուրեմն օձը մեր տանն է: Եկեք եւ գտեք:
  6. Բնակարանի դուռը փակվել է: Դեպքի վայր հասած փրկարարները տեղեկացնում են, որ պետք է էլեկտրական սղոցով կտրեն փականը: Քաղաքացին զարմանում է. մեր տան բանալին չունե՞ք:
  7. Ամուսինս ինձ ծեծել է տան բակում ցանած թմրանյութն արմատախիլ անելու համար: Փրկարարներն ահազանգը փոխանցում են ոստիկանության հերթապահին, որն ասում է. «Ով էլ լիներ՝ կծեծեր»:
  8. Մեր շենքի մի բնակիչ մեկ օր է՝ չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին: Փրկարարները բացում են դուռը, հայտնաբերում քաղաքացու դին եւ հայտնում ոստիկանությանը: «Մահացա՞ծ է, թե ոչ»,- դիակի մասին հարցնում է ոստիկանը:
  9. Երեք օր առաջ ԱԺ ընտրությունների թեմայով վիճել եմ կնոջս հետ, նա գնացել է տնից, ոչ մի կերպ չեմ կարողանում գտնել: Օգնեք:
  10. Հարեւանիս լվացքի մեքենայի ձայնը խանգարում է, եկեք ապամոնտաժեք:
  11. Հիմա ուժեղ քամի է, եւ մեր պատուհանները կարող են վնասվել: Դադարեցրեք քամին:
  12. Կարո՞ղ եք հստակ ասել՝ եթե աշխարհի վերջն է, Ամանորի սեղան չգցեմ, ծախս չանեմ:
  13. Կարո՞ղ եք ասել՝ դեկտեմբերի 30-ին եւ 31-ին բանկերն աշխատո՞ւմ են:
  14. Այցելել եմ մի խմբագրություն, աշխատողները, չիմանալով իմ մասին, դուռը փակել են վրաս, կարո՞ղ եք դուռը բացել: Փրկարարները կապ են հաստատել գրասենյակի ղեկավարի հետ, նա մոտեցել եւ բացել է դուռը:
  15. Իմ երեխայի դասարանցի այլ երեխայի մայր իմ երեխային ասել է «սեւ բլոճ»: Կարո՞ղ եմ դիմել ոստիկանություն:
  16. Երեխաս վաղը մաթեմատիկայից ստուգողական գրավոր է գրելու, բայց խնդիրը չի կարողանում լուծել, կարո՞ղ եք օգնել: Մաթեմատիկական կրթություն ունեցող փրկարարը լուծում է խնդիրն ու թելադրում ծնողին, պայմանով, որ նա եւ երեխան լրջորեն կզբաղվեն մաթեմատիկայով:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը վերցված է համացանցից