Գլխավոր Նորություններ Օգնում են փրկարարները

Օգնում են փրկարարները

617
Տարածել

Փրկարարներն ազատել են մահճակալի «գերուն»

Անցած յոթ օրում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ ավելի քան 300 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն և այլն:

Գրանցվել է 60 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու և դեկորատիվ ծառեր:  Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 100 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երևանի Աջափնյակ,  Շենգավիթ, Արաբկիր, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների և Շիրակի, Սյունիքի, Արարատի փրկարարները:  Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ և այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: 5 օձ է հայտնաբերվել և տեղափոխվել անվտանգ տարածք: Գետերի և ջրամբարների ափերին արգելափակված մի շարք մեքենաներ են դուրս բերվել երթևեկելի հատված:

Այլ կանչեր. Կենտրոնի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Վարդանանց փողոցի շենքերից մեկի մի բնակիչ տնից օգնություն է կանչում, դուռը փակ է: Պարզվել է, որ 44-ամյա կնոջ ձեռքերն արգելափակվել են ննջասենյակում գտնվող ծալովի մահճակալի տակ: Հրշեջ-փրկարարները կնոջ ձեռքերը դուրս են բերել արգելափակումից, վերջինս հոսպիտալացվել է: Նոր Նորքի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Դավիթ Մալյան փողոցի շենքերից մեկում բնակարանի լվացքի պարանը դուրս է ընկել պտտօղակից:  Փրկարարները լվացքի պարանը ամրացրել են պտտօղակին: Արաբկիրի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Բաղրամյան պողոտայում՝ Սիրահարների այգու մոտակայքում, հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացի կա: Հոգեբան փրկարարը 32-ամյա կնոջը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն, որից հետո կինը փրկարարական մեքենայով տեղափոխվել է իր բնակության վայր՝ Էրեբունի վարչական շրջան: Շենգավիթի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Մասիսի փողոցի փակուղում մարդիկ արծիվ են բռնել: Փրկարարները թռչունին տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի: