Գլխավոր Միջոցառումներ Երկրաշարժի թեմայով տարհանման վարժանք՝ դպրոցում

Երկրաշարժի թեմայով տարհանման վարժանք՝ դպրոցում

633
Տարածել

Ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» նախաձեռնությամբ փետրվարի 16-ին Երեւանի Աշոտ Մանուկյանի անվան թիվ 93 միջնակարգ դպրոցում անցկացվեց երկրաշարժի ժամանակ տարհանման թեմայով ուսումնական վարժանք։

Թույլատրելի ժամանակի սահմանում շենքից դուրս եկավ 42 աշխատակից եւ 765 աշակերտ, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի ունեցող (ԿԱՊԿՈՒ) 5 երեխա, որոնց կցված էր հատուկ մանկավարժ։ Բակում կատարվեց տարհանվողների քանակի հաշվառում։

ՍՊՏԾ բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության պետ Սերոբ Դարբինյանը, խոսելով տեղ գտած թերություններից, նշեց, որ զինղեկի բացակայությունը նկատելի էր կազմակերպվածության տեսանկյունից։ Հաշվառման գործընթացը հանձն էր առել ֆիզդաստիականության ուսուցիչը։ Դպրոցի  տնօրենի խոսքով՝ մանկավարժի հաստիքի համար այսօր պարտադիր բարձրագույն կրթություն է պետք, ինչի պատճառով ստիպված են եղել հրաժեշտ տալ բազմափորձ նախորդ զինղեկին եւ փնտրել նորին։ Իսկ դիմողները քիչ են։ Սերոբ Դարբինյանը նկատեց՝ սա մեծ խնդիր է ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում։

Վարժանքին հաջորդեց գնահատման գործընթացը՝ ըստ տարհանման ժամանակ գրանցված խոչընդոտների, տարհանվողների վարքի ու արագության, մանկավարժների իրազեկվածության եւ այլն։

Մի քանի կարեւոր կետ առանձնացրին ՍՊՏԾ ԲՏԱ վարչության մասնագետները՝ ուսումնական բաժնի պետ Սյուզաննա Կակոյանը, մեթոդական բաժնի պետ Լիլիթ Ստեփանյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետ-հոգեբան Հայկուհի Եսայանը եւ գլխավոր մասնագետ Տաթեւիկ Մարկոսյանը։ Նախ՝ անհրաժեշտ է բարձր դասարանցիների հետ հավելյալ զրույց ունենալ երկրաշարժից պաշտպանության եւ իրենց պատասխանատվության մասին։ Սյուզաննա Կակոյանը շեշտեց՝ տնօրենից ու անձնակազմից է կախված երեխաների կազմակերպվածությունը։ Դպրոցի տարեկան պլանով նախատեսված վարժանքները կօգնեն ավելի համակարգված աշխատել։ Երեխան պետք է այնքան գիտակ լինի իր անելիքից, որ չմտածի, որ երկրաշարժի ժամանակ փրկությունն անհնար է։ Քննարկվեց նաեւ փակ ելքերի եւ միջանցքում առկա գորգի հարցը։

Դպրոցն ունի բավական հարմարություններ անձնակազմի տարհանման կազմակերպման համար։ Տագնապի ազդանշանի՝ զանգի ձայնը լսելի էր երկու մասնաշենքի հարկերում, մուտքի ու ելքի դռները լայն են, կա թեքահարթակ, ձեռք են բերվել միջազգային չափանիշներին համապատասխան տարհանման նշաններ, ԿԱՊԿՈԻ երեխաների դասասենյակներն առաջին հարկում են եւ հարմար ազատ տեղաշարժի համար, առանց ճաղավանդակիների պատուհանները կարող են որպես երկրորդային ելք ծառայել, բուժկետում կա մասնագետ եւ համապաստախան պարագաներ, նկուղը մաքրվել է ու ապահովվել լուսավորությամբ, ջրի տարրաներով եւ ջեռուցման ժամանակավոր միջոցներով, պահակակետում պահվող կրակմարիչները պարբերաբար թարմացվում են, իսկ անձնակազմը՝ վերապատրաստվում առաջնային հրդեհաշիջում կատարելու համար եւ այլն։

Միջոցառման ավարտին մասնագետները դպրոցին նվիրեցին «Կրթի՛ր, կոփվի՛ր, հաղթահարի՛ր» ձեռնարկը, միջին դպրոցականների համար նախատեսված «Երկրաշարժ» խաղագիրքը եւ երկրաշարժի վարքականոնին նվիրված պաստառները, որոնք հեղինակել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը։

«Տարհանման պլան կարդալը պետք է ամեն ոք իմանա։ Դրա համար մանկավարժից մինչեւ ծնող պետք է իրազեկում անել։ Դպրոցից շատ բան է կախված․ պետք չէ սպասել քաղպաշտպանության օրվան՝ վարժանք անելու համար, կարելի է բազմաթիվ առիթներ ստեղծել։ Պատերազմը ցույց տվեց, որ մեր նկուղային հարկերը սարսափելի վիճակում են, եւ մենք պատսպարվելու տեղ չունենք։ Նախ՝ պետք է ինքներս փոխվենք, հետո դիմացինին սովորեցնենք»,- ամփոփեց ՍՊՏԾ ԲՏԱ վարչության պետ Սերոբ Դարբինյանը։

Տարհանման ժամանակ գրանցվեց արտակարգ դեպք՝ երեխաներից մեկն ընկնելու պատճառով վնասեց ձեռքը։ Նրան ցուցաբերվեց առաջին օգնություն։ Սա եւս մեկ առիթ էր՝ խորհելու, որ ոչ ոք ապահովագրված չէ, եւ միշտ պետք է պատրաստված լինել։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ Անի ԱՆՏՈՆՅԱՆԻ