Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Արգելափակումից հանվել է 120 մեքենա

Արգելափակումից հանվել է 120 մեքենա

1425
Տարածել

Մարտի 14-20-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 446 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Անցած շաբաթ գրանցվել է 49 հրդեհ՝ այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 13 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 133 կենցաղային կանչ են ստացել, որից ավելի քան 60-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Ավան, Աջափնյակ, Քանաքեռ-Զեյթուն, Շենգավիթ, Արաբկիր, Կենտրոն, Նոր նորք, Դավիթաշեն վարչական շրջաններում, Լոռիում, Արարատում, Կոտայքում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված 122 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 230 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության պատսպարման նախապատրասումը», «Հրդեհաշիջում մանկական հաստատությունում», «Հրդեհի առաջացման դեպքում հրդեհաշիջման եւ տարհանման միջոցառումների իրականացումը», «Հրդեհաշիջման աշ­խատանքների կազմակերպումը եւ իրականացումը ՀԱԷԿ-ի ավտոտրանսպորտային տնտեսության նավթամթերքի ռեզերվուարներում եւ պահեստներում», «Դպրոցի ճաշարան-խոհանոցում էլեկտրական լարերի կարճ միացումից առաջացած հրդեհի ժամանակ ծխապատ գոտուց մարդկանց տարհանումը», «Օդային տագնապի ազդանշանի դեպքում աշխատակիցների եւ ուսանողների պատսպարման կազմակերպումն ու իրականացումը», «Էլեկտրական լարերի կարճ միացումից առաջացած հրդեհի մարումը», «Հրդեհաշիջման, տարհանման եւ առաջին բուժ­օգնու­թյան կազմակերպումը ուսումնական հաստատություներում», «Հրդեհա­շիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպումը դպրոցի դասասենյակում», «Ուսումնական հաստատությունում բռնկված հրդեհի դեպքում հրդեհաշիջման, տարհանման միջոցառումների եւ վնասվածքներ ստացած աշակերտներին առաջին օգ­նության ցուցաբերման կազմակերպումը եւ իրականացումը», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը դպրո­ցում», «Օդային տագնապ ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման իրականացումը», «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ: