Գլխավոր Նորություններ ՀՐԴԵՀԱՎՏԱՆԳ ԱՄԱՌ

ՀՐԴԵՀԱՎՏԱՆԳ ԱՄԱՌ

712
Տարածել

Յուրացնել է պետք հրդեհային անվտանգության մշակույթը

Չոր խոտածածկի և գյուղմշակաբույսերի մնացորդների հրկիզումը դաշտերում մոտակա անտառային տարածքներում բռնկված հրդեհների հիմնական պատճառներից մեկն է: Թեև մշտապես ահազանգվում է այս մասին և բնակիչների հետ պարբերաբար իրազեկման աշխատանքներ են տարվում, բայց վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ անտառային չոր խոտածածկույթներում բռնկված հրդեհները մեծամասամբ մարդկանց անզգույշ վերաբերմունքի հետևանք են: Ինչպես մյուս մարզերում, Լոռիում նույնպես հրդեհների վերաբերյալ ահազանգեր սկսում են ստանալ ձնահալոցքից անմիջապես հետո, երբ հողագործները սկսում են կարգի բերել այգիները, պատրաստվել մշակման սեզոնին: Այս խնդիրն ամենևին չի հսկվում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, փաստացի չի գործում նաև «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթը, ըստ որի՝ արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքերի բուսականությունը, գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում: «Գյուղացիները խոտն այրում են՝ իբրև առատ բերք ստանալու համար, քամուց էլ կրակը տարածվում է շրջակայքում: Մշտապես լրատվամիջոցներով, համայնքների ղեկավարների, բնակիչների հետ իրազեկման աշխատանքներ են տարվել, նույնիսկ հանգստյան գոտիներում համապատասխան ցուցապաստառներ կան, բայց մարդիկ շարունակում են կրակի հետ անփույթ վարվել, խարույկն առանց հանգցնելու հեռանալ տարածքից: Շատ հաճախ հրդեհավտանգ իրավիճակներում մեծ ազդեցություն են ունենում նաև եղանակային շոգ ու չոր պայմանները»,- նշեց Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Կարեն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ այս տարի Լոռու մարզում անտառային հրդեհների դեպքերն ավելացել են: Առաջին կիսամյակում անտառային հողերում գրանցվել է հրդեհի 33 դեպք, նախորդ տարի՝ 24, որի հետևանքով այրվել է մոտ 242,2 հա տարածք: Անտառներում բռնկված հրդեհները երբեմն նաև արժեքավոր ծառատեսակների ոչնչացման պատճառ են դառնում: Օրինակ, այս տարի կրակի բաժին են դարձել Լոռու անտառներին յուրահատուկ տեսք հաղորդող 115 եղևնի, ևս 255-ը ջերմահարվել է: Հրդեհից անմասն չեն մնացել նաև բուսածածկ տարածքները, որտեղ չորս տասնյակի հասնող հրդեհի ճարակ է դարձել 107 հա տարածք: Ըստ փ/ծ գնդապետի՝ անտառային հրդեհները շատ հաճախ լինում են դժվարամատչելի վայրերում, որտեղ հասնելու համար ստիպված են լինում անձնական մեքենաներով մոտենալ, կրակը հանգցնել ձեռքի տակ եղած միջոցներով, ինչը շատ է բարդացնում հրդեհաշիջումը: Այսօր անտառային տնտեսություններում արտակարգ իրավիճակային պայմաններին դիմակայելու համար անհրաժեշտ են ամենագնաց մեքենաներ, հրդեհների արագ արձագանքման սարքավորումներ:

Օրերս Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ՝ «Ռենո» մակնիշի ավտոմեքենայով մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղում անցկացված «Անտառային հրդեհների կանխարգելում և օջախների վերացում» թեմայով արտապլանային հատուկ տակտիկական ուսումնավարժությանը:

Վարժանքին մասնակցել են նաև գյուղնախարարության, «Հայանտառի» «Գուգարքի անտառտնտեսության» ներկայացուցիչներ, Լոռու մարզպետարանի և տարբեր համայնքապետարանների աշխատակիցներ: Վարժանքն անցկացվել է երկու փուլով:

Առաջին փուլի ժամանակ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում կազմակերպվել էր քննարկում անտառային հրդեհների ռիսկերի կառավարման թեմայով, այնուհետև լոռեցի հրշեջ-փրկարարները Գուգարքի անտառտնտեսության աշխատակիցների հետ իրականացրել են պայմանական անտառային հրդեհի հրդեհաշիջման աշխատանքներ Արջուտ համայնքի վարչական տարածքում:

Գործնական աշխատանքների ընթացքում օգտագործվել է նաև անօդաչու թռչող սարք (դրոն), որն իրականացրել է հրդեհի տարածքի օդային հետախուզություն:

Ուսումնավարժության արդյունքը գնահատվել է «բավարար», իսկ կազմակերպիչները մեկ անգամ ևս ընդգծել են, որ արդյունավետ համագործակցության ու անտառային հրդեհներին արձագանքման աշխատանքներում դեռևս անելիքներ կան:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ