Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Ուժեղացված ծառայություն ձյան առատ տեղումներով պայմանավորված. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Ուժեղացված ծառայություն ձյան առատ տեղումներով պայմանավորված. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

1429
Տարածել

2022 թվականի մարտի 14-20-ը ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 951 զանգ:

Արցախի Հանրապետությունում ձյան առատ տեղումներով պայմանավորված մարտի 18-ից ԱԻ պետական ծառայությունն իրականացրել է ուժեղացված ծառայություն: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը բնակչությանը ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն, արձագանքել բոլոր ահազանգերին եւ ձեռնարկել համապատասխան փրկարարական աշխատանքներ, մասնավորապես արձագանքելով քաղաքացիների համար վտանգ ներկայացնող փլուզումների, արգելափակման մեջ հայտնված ավտոմեքենաների ուղեւորների տարհանման, երթեւեկության եւ մարդկանց բնականոն տեղաշարժի համար վտանգ եւ խոչնդոտ հանդիսացող ծառերի հատման եւ այլ անցանկալի պատահարների վերաբերյալ կանչերին: Անվտանգության ապահովման նպատակով՝ մեկ օպերատիվ խմբով ուժեղացվել է նաեւ Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու սպասարկումը :

Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 3, տարերային՝ 2, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 22 կանչ: Փրկարարները բացել են վեց փակ դուռ, առողջական խնդիր ունեցող մեկ քաղաքացու տեղափոխել բուժհաստատություն: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 1 ելք: Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի եւս 11 կանչի:

Հրդեհների քանակը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է: Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում հրդեհի վերաբերյալ երեք կանչ են սպասարկել: Հրդեհներից տուժածներ չկան:

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն